Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ն իր հրապարակումներում անդրադարձել է Տավուշի մարզի Աչաջուրի գյուղապետի, նրա որդու դեմ մահափորձի և Աչաջուրի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանի առևանգման հետ կապված քրեական գործերին:
Հիշեցնենք, որ առևանգման գործով կալանավորված է Աչաջուրի գյուղապետի որդին՝ Հովհանես Ղալթաղչյանը, իսկ նրա դեմ կատարված մահափորձը թաքցնելու համար կալանավորված են ոստիկանության Իջևանի բաժնի նախկին պետն ու Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետը (այն ժամանակ զբաղեցրել է Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը):
Նշենք, որ Մ. Մելիքբեկյանը հայտնել էր, որ իրեն առևանգել են և պարտադրել ստանձնել գյուղապետի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքը: Արդյունքում` Մելիքբեկյանը ճանաչվել է տուժող, իսկ գյուղապետի որդուն մեղադրանք է առաջադրվել անձի առևանգելու համար, այսինքն` հերքվել է այն փաստը, որ Մելիքբեկյանը մահափորձ է կատարել գյուղապետի որդու նկատմամբ:
Սակայն ուշագրավ է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մահափորձը թաքցնելու համար կալանավորել է ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյայի: Ստացվում է, որ ՀՔԾ-ն անձանց մեղադրանք է առաջադրել` առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ Քննչական կոմիտեն դեռևս չի հիմնավորել անձի առևանգման փաստը: Բնականաբար, ՀՔԾ-ն պետք է ջանքեր գործադրի, որպեսզի Քննչական կոմիտեում հաստատվի գյուղապետի որդու դեմ կատարված մահափորձի փաստը, որպեսզի հաջորդ անգամ դատարանում կարողանա հիմնավորել պաշտոնյաների կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Ներկայումս ՀՀ Քննչական կոմիտեում գյուղապետի և նրա որդու դեմ իրականացված մահափորձերի հանգամանքը պարզելու համար քննություն է ընթանում:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել քննչական կոմիտեում առևանգման և մահափորձի գործը քննող` ՔԳՎ քննիչ Վահրամ Հովհաննիսյանի դեմ: Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՔԾ-ից հայտնեցին, որ քննիչի դեմ քրեական գործը հարուցվել է քաղաքացիների հաղորդումների հիման վրա:
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:
Հետաքրքիր է` այս քայլով ՀՔԾ-ն, ի վերջո, կկարողանա՞ կաշկանդել կոմիտեին, թե՞ ավելի կբարդացնի իրավիճակը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ քննչական կոմիտեում մահափորձի գործով անգամ մեղադրյալ ներգրավված չէ: