|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Թիվ 10 ընտրատարածքում, որը ներառում է Կոտայքի մարզը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ստացել է 7226 ձայն: Այս քանակի ձայները, սակայն, Այվազյանին հնարավորություն չեն տալիս ընդգրկվելու առաջիկա խորհրդարանի պատգամավորների կազմում:
Yerkir.am-ի հետ զրույցում Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ ամեն ինչ նորմալ է, ըստ նրա` ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: «Նենց չի, որ մարդիկ մշտական ինչ-որ տեղ պետք է լինեն, տենց չի: Ոնց գտնում է կուսակցությունը, այդպես պետք է լինի»,- ասաց նա:
Հարցին՝ սպասելի՞ էին նրա համար այսպիսի արդյունքները, թե՞ նա ավելին էր ակնկալում, Այվազյանը կրկին նույն կերպ պատասխանեց՝ նշելով, որ ամեն ինչ նորմալ է, մարդիկ մշտապես մի տեղում չեն կարող լինել: Նա վստահեցրեց նաև, որ նեղված չէ: «Նեղվածի տպավորությո՞ւն եմ թողնում»,- հարցրեց Այվազյանը:
Արձագանքելով դիտարկմանը, թե երկար ժամանակ ԱԺ-ում եք եղել, դժվար չէ՞ համակերպվել խորհրդարանում այլևս չլինելու մտքին, Այվազյանը պատասխանեց. «Դե հիմա կարևորը` ՀՀԿ-ն հաղթեց»:
Նշենք, որ մինչ ընտրությունները Այվազյանը բավականին ինքնավստահ էր: Հիշեցնենք նաև, որ, ըստ մամուլի հրապարակումների, Չարենցավան քաղաքում Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու Վարդան Այվազյանը, մտնելով իր շտաբ, հայտարարել էր. «Կոստյումս հանեմ, գցեմ Չարենցավանում, սաղ ինձ կընտրեն»:
Թիվ 10 ընտրատարածքում ամենաշատ ձայն է ստացել «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Դավիթ Մանուկյանը` 20761 ձայն: Նա Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է: Մանուկյանին հաջորդում է ՀՀԿ-ից Սամվել Սանամյանը` 12645 ձայն, ՀՀԿ-ից Անդրանիկ Հարությունյանը` 11324 ձայն, ՀՀԿ-ից Կոտայքի մարզի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը` 10808 ձայն: «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը հավաքել է 6652 ձայն, ՀՅԴ-ից առաջադրված Արտաշ Հունանյանը հավաքել է 1021 ձայն, իսկ Հայկ Սարգսյանը` 671 ձայն: