կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-04 20:00
Քաղաքական

Կարեւորը, որ էդ սատանեն չանցներ. Վարդան Ղուկասյանը՝ ՕԵԿ-ին օգնելու եւ Բալասանյանին դեմ լինելու մասին

Կարեւորը, որ էդ սատանեն չանցներ. Վարդան Ղուկասյանը՝ ՕԵԿ-ին օգնելու եւ Բալասանյանին դեմ լինելու մասին

Գյումրիում եւ Վանաձորում օրերս նոր ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին: Պարզվում է` նոր ընտրակարգը դուր չի եկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով, ըստ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների, այս ընտրություններում աշխատել է նախկինում ՕԵԿ, այսօր «Հայկական վերածնունդ» անունը ստացած կուսակցության համար: Նշենք, որ Ղուկասյանի փեսան ընդգրկված էր ՕԵԿ-ի ցուցակում:

«Աշխարհում նմանատիպ մոդել կա՞, որ այսպիսի ընտրություններ են անցկացվում: Էս ի՞նչ խոդեր է, էս ի՞նչ ձիու քայլեր է: Շատ հավանական է` գրողներներն էլ չեն հասկանում իրենց գրածից, /նոր Ընտրական օրենսգիրք.- խմբ./, թե այսպիսի օրենք ո՞նց են առաջադրել, ո՞նց են այսպիսի սարդոստայն սարքել, որ մարդիկ զարմանում են»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Ղուկասյանը:

Նրան բարկացրել է նաեւ Սամվել Բալասանյանին տրվելիք մանդատների թիվը: «Վանաձորի թեկնածուն 37 տոկոս է հավաքել, կոալիցիա պետք է կազմի, իսկ էսի /Սամվել Բալասանյան- խմբ./ 34 տոկոս է հավաքել, ուրեմն անցել է, հա՞: Այսպիսի բան որտե՞ղ կա, կազինոներում նմանատիպ բոնուսներ չկան»,- վրդովված հայտարարեց Ղուկասյանը, հետո հավելեց. «Ինչո՞ւ են այսպիսի բարդություններ սարքել, եթե այդպես է` թող այնպես անեն, որ առանց ընտրության էսի /Սամվել Բալասանյան/ անցնի, վերջացնենք: Էլ ի՞նչ ընտրություն, էլ ի՞նչ հարց: Ամո\'թ է, ամո\'թ, թողե\'ք ժողովուրդն իր ընտրությունն անի: Ով որ ժողովրդի ձայնը գողանում է, Աստծո անեծքին է արժանանում: Մի քիչ վախ ունենան սրտների մեջ»:

Ղուկասյանը չհերքեց, որ օգնել է ՕԵԿ-ին` ձայներ հավաքել: «Ինձ համար կարևորն այն է, որ սատանեքը չանցնեն, մնացածը, ով ուզում է` անցնի, ասենք` ով սատանի դասին չի պատկանում: Ես ընդհանրապես սատանեքին դեմ եմ, ես խավարին դեմ եմ, ով ուզում է լինի այդ սատանան, որ կուսակցության մեջ էլ լինի: Մի կուսակցությունը, եթե չարիք է պարունակում, ես չարիքից հեռու մարդ եմ»,- ասաց նա:

Մեր ճշտող հարցին, թե Բալասանյա՞նն է այդ սատանան, Ղուկասյանը պատասխանեց. «20 թվից ասում եմ, ամբողջ քաղաքը գիտի, դու չգիտե՞ս… 4,5 հազար ձեն ունեցողին 126 հազար ընտրող ունեցող քաղաքում դարձնում են քաղաքապետ, դա ինչի՞ համար է, բա ամոթ չէ՞»: