կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-28 17:05
Քաղաքական

Եվրոպացի գործընկերները փշաքաղեցրել են Ծառուկյանին՝ խոստանալով 15 միլիարդի ներդրում անել

Եվրոպացի գործընկերները փշաքաղեցրել են Ծառուկյանին՝ խոստանալով 15 միլիարդի ներդրում անել

Հայտնել ենք, որ այսօր Մարզահամերգային համալիրում կայացավ «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ելույթ ունեցավ դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ Եվրոպաական խորհրդարանի պատգամավորները, գալով Հայաստան, տեսել են ժողովրդի անվերապահ հավատն ու նվիրվածությունը Ծառուկյան անձի նկատմամբ, ապա հայտնեց, որ նույն այդ գործընկերները խոստացել են լուրջ ներդրումներ անել Հայաստանի համար, եթե ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը հաղթի:

«Իրոք, շատ հիացած ողջունեցին ինձ, իմ թիմին՝ մեր ծրագրի՝ այդ հայրենասիրական ծրագրի համար և, տեսնելով ժողովրդի անվերապահ վստահությունը, հիացած գնացին ու ասեցին, որ մեզ հետ են, մեր կողքին են: Ես կարող եմ  մի լուր էլ ձեզ ասել, որ, իրոք, ես փշաքաղվել եմ. իմ գործընկերները, տեսնելով այս անվերապահ վստահությունը և այս ծանրության տակ մտնելը, տեսնելով, որ մենք հաղթելու ենք, ուրիշ ճանապարհ չկա, և իմ գործընկերները այս հինգ օրվա մեջ զանգահարելով, այն ժամանակ, որ ես դեռ չեմ դիմել իրենց, այլ իրենք ասել են, որ` պարո'ն Ծառուկյան, պատրաստ են 15 միլիարդ դոլար ներդրում կատարել մեր երկրում»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով. «Ես ձեզ ասեմ, որ, իրոք, փշաքաղվել եմ, դա գալիս ա մարդու պահվածքից, ապրածից, որ դեռ չեմ դիմել, բայց որ դիմեմ, շատ ու շատ ընկերներ ունեմ աշխարհով մեկ, բայց դա գալիս ա իմ պահվածքից, իմ հզորությունից»:

Նա նաև հիշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում եղել են Հայաստանի գրեթե բոլոր գյուղերում և քաղաքներում, ներկայացրել իրենց ծրագրի 15 կետերն ու ժողովրդի անվերապահ աջակցությունը ստացել: «Քարից էլ լինես, չես կարող դիմանալ՝ մտածելով, որ մարդիկ անդունդի եզրին են կանգնած, կապ չունի՝ սահմանամերձ գյուղում, թե՝ քաղաքում, բոլորը խնդիրներ ունեն, դրանց լուծում է պետք»,- հայտարարեց Ծառուկյանը՝ հավելելով, որ իրենք թշնամի չունեն, բայց նախանձողներ շատ ունեն: