Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որևէ քաղաքական ուժ չի կարող ասել, որ ընտրությունների արդյունքները կարևոր չեն, ՀՀԿ-ն նույնպես ուզում է հաղթել ընտրություններում՝ ունենալով լավագույն շանսերը. այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի համար թիվ մեկ մրցակիցը Հայաստանի առջև ծառացած` դեռևս չլուծված խնդիրների փաթեթն է: «Ակնհայտ է, որ ոչ իշխանական բոլոր ուժերն էլ կցանկանան, որպեսզի ՀՀԿ-ն իրենց դիտարկի հիմնական մրցակից, դա կբյուրեղացնի նրանց կերպարն ընդդիմադիր դաշտում, ինչը կարող է լրացուցիչ էլեկտորատ բերել»,- ասաց նա:
Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի արդյունքում հենց ՀՀԿ-ի ներսում կուսակցության անդամների միջև ծավալվող մրցակցությանը և ժամանակ առ ժամանակ գրանցվող միջադեպերին, Աշոտյանն ասաց, որ շաբաթ օրը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ այդ հարցին ևս անդրադարձ կատարվել է: «Ընտրապայքարը պետք է մաքսիմալ կոռեկտության սահմաններում լինել: Գործող օրենսդրությունը տալիս է հնարավորություն, որով կարող են մրցակցել նաև նույն կուսակցության տանիքի ներքո, ցուցակի ներքո գտնվողները: Հնարավորություն կա ընտրելու մարդկանց, ովքեր լավագույնս կներկայացնեն իրենց շանսերը: Այդ տեսակետից այդ մրցակցությունն օրինական է` իր ձևակերպումներով, գաղափարական հենքով: Մյուս տեսանկյունի`ց կան դեպքեր, երբ քաղաքական հարթությունից դուրս պայքարի դեպքերին արձագանքը պետք է տրվի ու տրվում է: Շաբաթ օրը կայացած խորհրդակցության ընթացքում հատուկ շեշտադրում է արվել ընտրությունների օրինականության վրա և քաղաքական պայքարի քաղաքակիրթ լինելու հրամայականին»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը, ապա հավելեց, որ խոշոր միջոցառումների ընթացքում կարող են գրանցվել նաև անկանխատեսելի միջադեպեր:
«Ցավոք, բոլոր խոշոր միջոցառումները` լինի համազգային ընտրություն, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, «Եվրատեսիլ», որոնք ներառում են հարյուրհազարավոր մարդիկ, ավելի մեծ դաշտ են ստեղծում այս կամ այն տեսակի անակնկալների կամ միջադեպերի համար, բայց ընտրությունները նույնպես բացառություն չեն, այդ միջադեպերը չեն կարող դառնալ որոշիչ և ստվեր նետող չեն լինելու»,- եզրափակեց Աշոտյանը: