կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 23:13
Առանց Կատեգորիա

ՀՀԿ-ի ցուցակային անակնկալ դիմափոխությունը

ՀՀԿ-ի ցուցակային անակնկալ դիմափոխությունը

Իշխող Հանրապետական կուսակցությունն իր Գործադիր մարմնի նիստում այսօր հաստատեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների իր համամասնական և տարածքային ցուցակները, որոնցում համապատասխանաբար ընդգրկվել է 64 և 133 անձ: Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հրապարակեց համամասնական ցուցակի առաջին տասը համարների անունները. ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանը, որին հաջորդաբար հետևում են Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը եւ Կարեն Ավագյանը:

Ցուցակի այս մասի առաջին աչքի ընկնող հանգամանքն այն է, որ ոչ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և ոչ էլ վարչապետ Կարեն Կարապետյանը, ի տարբերություն նախորդ՝ 2012թ ընտրությունների, չեն ընդգրկվել համամասնական ցուցակում: Շարմազանովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն ստանձնելու է շտաբի փաստացի ղեկավարի գործառույթները՝ այդ կարգավիճակում փաստորեն փոխարինելով ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանին:

Պետք է ենթադրել, որ ՀՀԿ-ի նախընտրական արշավի համակարգումն իր վրա վեցնելով՝ Սերժ Սարգսյանը փորձելու է հնարավորինս մոտիվացնել իր թիմին: Այնուամենայնիվ այս հանգամանքն իր մեջ որոշակի ինտրիգ պարունակում է: Մի կողմից ցուցակում նրա չընդգրկվելը կարող է պայմանավորված լինել թարմ դեմքերի առաջմղմամբ՝ ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացնելու կամ առնվազն այդ վարկանիշին չվնասելու տակտիկական նկատառումներով: Սակայն մյուս կողմից սա կարող է նշանակել նաև, որ նախագահն ակնարկում է պետական կառավարումից իր հեռանալու և իշխանությունն իր հաջորդին «ժառանգելու» մտադրության մասին: Ամեն դեպքում ֆորմալ առոմով իշխանությունը պահել-չպահելու հարցը նա շարունակում է թողնել խորը անորոշության մեջ՝ ոչ իր թիմին և ոչ հասարակությանը թույլ չտալով կողմնորոշվել:

Շարմազանովը հաստատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ համամասնական ցուցակում չի ընդգրկվել այն պատճառով, որ չի բավարարում չորս տարի անընդմեջ Հայաստանում մշտապես բնակված լինելու սահմանադրական պահանջին: Իհարկե, ընտրություններին թեկնածուների և առանցքային դեմքերի մասնակցության լեգիտմության առումով կարևոր է, որ կուսակցությունը պահպանում է օրենքի տառը և չի գնում շինծու հիմնավորումներ ստեղծելու ճանապարհով: Բայց ամեն դեպքում ցուցակից Կարապետյանի բացակայությունը հետաքրական իրավիճակ է ստեղծում:

Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանը դեռ անցած տարվա սեպտեմբերին, վարչապետի պաշտոնն ստանձնելիս էր հայտարարել, որ գալիս է երկարաժամկետ պլաններով: Իր հրավիրած ասուլիսներում նա հայտարարում էր, որ կշարունակի իր գործունեությունը, եթե ստանա վստահության մանդատ և արդարացնի իր քաղաքական հենարանի և հասարակության սպասելիքները: Անգամ ԱԺ-ին ներկայացված Կառավարության ծրագիրն էր նա կառուցել երկու՝ կարճաժամկետ և երկարաժամկետ  գործողությունների մեթոդաբանությամբ: Եվ այս ամենը թույլ էր տալիս ասելու, որ նա հավակնում է նաև 2018թ. գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո շարունակել իր գործունեությունը և, որ այդ հարցում կարող է առկա լինել պայմանավորվածություն նրա և Սերժ Սարգսյանի միջև: Բայց, եթե հիմա ՀՀԿ ցուցակում նրա չընդգկվելը բացատրվում է սահմանադրական այդ պահանջներին չբավարարելու հանգամանքով, ապա մեծանում է հավանականությունը, որ այդ խնդիրն ակտուալ է լինելու նաև 2018թ., երբ կառավարությունը կձևավորվի արդեն նոր Սահմանադրությամբ: Վերջինս սահմանում է, որ վարչապետը պետք է բավարարի այն պահանջներին, որոնք նախատեսված են ԱԺ պատգամավորների համար: Արդյոք սա ակնա՞րկ է այն մասին, որ գնալով մշուշոտ են դառնում վարչապետի պաշտոնը պահպանելու Կարապետյանի շանսերը: Այս ֆոնին ուշագրավ է նախընտրական ցուցակի առաջին համարը պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ և վստահելի թիմակիցը հանդիսացող Վիգեն Սարգսյանին վերապահելը: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ այսպիսով Սերժ Սարգսյանն այսպես կոչված «ժառանգորդ» օպերացիայի շրջանակներում խաղի մեջ է ներգրավվում նոր ֆիգուր, որը կարող է 2018թ. անակնկալ մատուցել: Համենայնդեպս որևէ կասկած չկա, որ ցուցակային այս կոնֆիգուրացիաները որոշակի ներքին պրոցեսներ են նախանշում, որոնց ականատեսը կարող ենք լինել արդեն ընտրություններից հետո, եթե, իհարկե, ՀՀԿ-ն կարողանա մեծամասնություն ձևավորել ԱԺ-ում:

Համամասնական ցուցակի մյուս աչքի զարնող հանգամանքն այն է, որ ձևավորված է քաղաքական դեմքերից և ՀՀԿ-ի այսպես կոչված «երիտասարդ գվարդիայի» ներկայացուցիչներից: Առաջատարների դերում հայտնվել են դեմքեր, որոնք, անկախ իրենց մասին առկա կարծիքներից, ունակ են մտնելու քաղաքական դեբատների մեջ: Սա որոշ իմաստով ՀՀԿ քաղաքական ակտիվի սերնդափոխության նշան է, եթե հաշվի առնենք, որ ցուցակի այդ հատվածից դուրս են մնացել անգամ ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ-ի հնաբնակ և բավականին ներկայանալի կերպար ունեցող Գագիկ Մինասյանը, Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը: Մարդիկ, որոնք ԱԺ-ում առանց չափազնացության ներկայիս կատարել են ՀՀԿ խմբակցության շոգեքարշի դերը և սատարել են բավականին հաջող կերպով: Գուցե պատճառն այն է, որ այս անհատներից ոմանք ընդգրկվել են ՀՀԿ տարածքային ցուցակներում և առաջադրվելու են ռեյտինգային ընտրակարգով: Դա պարզ կլինի, երբ այդ ցուցակները հրապարակվեն: Սակայն արդյոք համամասնական ցուցակի միջոցով արտահայտվող այս դիմափոխությունը կարող է էականորեն օգնել ՀՀԿ-ին: Կուսակցության խոսնակը համոզված է, որ իրենց ցուցակն ամենաներկայանալին է, ՀՀԿ-ն նրանով կարող է լուրջ հաջողություններ արձանագրել: Բայց խնդիրն այն է, որ ներկայանալիությունը միայն համամասնական ցուցակով չէ, որ ապահովում է: Հաղթելու դեպքում ՀՀԿ խմբակցության կեսը կազմելու են ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորները, իսկ այդ ցուցակներում կան այնպիսի հանրածանոթ դեմքեր, որոնք մեղմ ասած այնքան էլ «ներկայանալի» կերպարներ չեն և որոնց հետ կապված հանրային կարծիքը միանշանակ չէ:

Գևորգ Դարբինյան