Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին, նրա վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործը կարծես սառեցվում է: Քրեական գործի հարուցումից անցել է 9 ամիս, սակայն, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ մինչ այս պահը գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձինք չկան: Մեր տեղեկություններով՝ հիշյալ գործի վարույթը շուտով կկարճվի:
ՀՔԾ-ից մեզ տեղեկացրեցին, որ հիշյալ գործի շրջանակներում նախաքննական մարմինը համապատասխան հարցումներ է կատարել Մ. Պողոսյանի կողմից ՀՀ-ում կամ ՀՀ տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ենթադրյալ փաստեր պարզելու ուղղությամբ:
«Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված ՀՀ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է մեզ ուղղված պատասխանում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 2-ին ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը», այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ:
Հիշեցնենք, որ Պողոսյանի կողմից օֆշորային գործարքների վերաբերյալ սկանդալային հրապարակումներից հետո ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական տվեց` հայտարարելով, որ ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Այնուհետև Պողոսյանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ` հերքելով մի շարք բանկերում Պողոսյանի և նրա անվան հետ կապվող ընկերությունների անունով հաշվեհամար ունենալու հանգամանքը, և հայտնեց, որ խոսք չի կարող լինել Պողոսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին:
Նշենք, որ այս ընթացքում Միհրան Պողոսյանն ակտիվորեն գովազդում է իր ղեկավարած «Քեթրին» ՀԿ-ն ու ՀԿ-ի կողմից իրականացված բարեգործական աշխատանքները: Նախկին պաշտոնյան տարբեր պետական պաշտոնյաների հետ մասնակցում է տարատեսակ միջոցառումների, ներկայանում հանրությանը:
Միհրան Պողոսյանի անվան հետ են կապված «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը, Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը, «Քեթրին գրուպ» ընկերությունը, «Кавказская пленница» ռեստորանների ցանցը: Նրան է պատկանում Հայաստան բանանի ներկրման մենաշնորհը: