Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Արցախի հարցի հետ կապված աշխատանքը շարունակելու է տարբեր ուղղություններով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, աշխատանքները մի քանի մասերի են բաժանված: Նախ կազմակերպել եվրոպացի պատգամավորների, քաղաքական գործիչների այցելություններ Հայաստան, Արցախ, ինչպես նաև Արցախից խորհրդարանական, քաղաքական, հասարակական պատվիրակությունների այցելություններ կազմակերպել դեպի Եվրոպա:
«Այդ տեսանկյունից 2016 թվականը բավական ակտիվ տարի էր: Մեծ թվով քաղաքական գործիչներ այցելեցին Արցախ: Արցախից նույնպես դեպի Եվրոպա ակտիվ այցելություններ գրանցվեցին: Բելգիա այցելեց նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Մեր գործունեությունն այս նույն ոգով շարունակելու ենք` հիմնվելով անցյալ տարվա աշխատանքների վրա»,-ասաց Պետո Դեմիրճյանը: Նա նկատեց, որ Արցախ կատարած այցելություններից հետո պատգամավորների տպավորությունները փոխվում են, նրանք ավելի տեղեկացված են վերադառնում: Նման այցերի ժամանակ Արցախն էլ հնարավորություն է ունենում եվրոպական տարբեր շրջանակներում բարձրացնել Ադրբեջանի ագրեսիային, հարձակվողական քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի, պետականաշինության մասին հարցեր:
Պետո Դեմիրճյանը նշեց, որ Արցախի զբոսաշրության տեսանկյունից լուրջ հեռանկարներ կան:
«Երկու ամիս առաջ Բելգիայում ունեցանք Արցախին նվիրված մեծ ցուցահանդես, այդ ուղղությամբ կապի մեջ ենք տարբեր շրջանակների, ճամփորդական կազմակերպությունների հետ: Աշխատանք ենք տանում, որ զբոսաշրջային կազմակերպություններն իրենց փաթեթներում ներառեն Հայաստանն ու Արցախը: Այդպիսով փորձում ենք խթանել Արցախի զբոսաշրջությունը»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հակադարձումներին, ապա Պետո Դեմիրճյանը նշեց, որ դա մշտական բնույթ է կրում:
«Ադրբեջանի հակադարձումը, կարծես, սովորական դարձած լինի, վարժվել ենք: Կարող եմ ասել, որ նրանց չի հաջողվում մեզ խանգարել: Նրանք աշխատում են քարոզչության դաշտում, իրականությունից հեռու տեղեկություն են տարածում, իսկ կեղծ պրոպագանդան կարճ կյանք է ունենում»,-հավելեց նա: