կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 14:35
Քաղաքական

Իննսուն հոգով աշխատում ենք յոթ միլիոնի հետ. Հրանուշ Հակոբյան

Իննսուն հոգով աշխատում ենք յոթ միլիոնի հետ. Հրանուշ Հակոբյան

Երեկ լրատվամիջոցների հետ տեղի ունեցած տեսակամրջի ընթացքում ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հայտարարել է, որ Հայաստանում Սփյուռքին դիտարկում են որպես բանկոմատ, բայց թույլ չեն տալիս խառնվել ՀՀ ներքին կյանքին: «Արդեն ժամանակն է, որպեսզի Սփյուռքը մասնակցություն ունենա Հայաստանի ներքին կյանքին»,- ասել էր նա:

Այսօր խորհրդարանում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել Թանկյանի խոսքերը: Նա նախ ասաց, որ ամեն ոք ունի իր տեսակետը և կարող է ազատորեն արտահայտել, այնուհետև շարունակեց, թե պետք չէ այդ հայտարարությունից պատմություն սարքել:

«Դուք` որպես լրագրողներ, պետք է հաշվի առնենք, որ մենք իննսուն հոգով աշխատում ենք յոթ միլիոնի հետ: Իսկ մեր բոլոր նախարարությունները միասին աշխատում են երեք միլիոնի հետ: Հետևաբար, բնական է, որ նրանց կարծիքները պետք է տարբեր լինեն: Նրանք բազմաշերտ են, բազմաբովանդական են, տարբեր երկրների քաղաքական տնտեսական ռեժիմների ազդեցության ներքո են: Մեկը շատ ազատ է, նույնը չեմ կարող ռուսական միջավայրում ապրող հայերի մասին ասել: Պետք է ընդունել այնպես, ինչպես կա, դրանից մեծ պատմություն սարքել պետք չէ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ինքը միշտ բոլոր սփյուռքահայերին խորհուրդ է տալիս հետևել բժիշկ Հրայր Հովակիմյանի օրինակին: «1992 թվականին նա եկավ Հայաստան: Ոչինչ չբերեց, բերեց միայն իր խելքը, իր փորձը, իր` վիրահատելու տեխնիկան: Երբ խորհրդային տարիներին մենք ասում էինք՝ մարդը սրտի խնդիր ունի, ապա ասում էինք` վերջացավ: Բայց հիմա մենք գիտենք, որ ստենտները կդնենք, և առանց ողբերգության խնդիրը կլուծվի: Այսինքն՝ Հրայր Հավակիմյանը կարողացավ Հայաստանում համակարգ ստեղծել»,- եզրափակեց Հրանուշ Հակոբյանը: