կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-24 12:49
Առանց Կատեգորիա

Ալիևն «ապտակում» է համանախագահներին

Ալիևն «ապտակում» է համանախագահներին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկու օր առաջ ժամանել են տարածաշրջան: Այցը նրանք սկսել են Ադրբեջանից: ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հոկտեմբերի 22-ին Բաքվում տված ասուլիսում հայտարարել է, թե Ալիևը պատրաստակամություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:  «Ես անձամբ եմ խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հայտարարել է, որ հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նա հանդիպելու եւ առաջարկները քննարկելու պատրաստակամություն է հայտնել։ Կան որոշակի գաղափարներ, ու մենք դրանք կքննարկենք։ Մենք կքննարկենք նաև նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպման հարցը»,- ասել է Ուորլիքը:

Երեկ կայացել է նրանց հանդիպումը Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահականի տարածած պաշտոնական հաղրոդագրության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, թե որքանով է Ալիևը հաստատել իր պատրաստակամությունը: Ակնհայտ է, սակայն, որ մինչ Ալիևի հետ հանդիպելը նման հայտարարություն անելով` Ուորլիքը ցանկացել է ճնշում գործադրել Ալիևի վրա և նրանից ստանալ նախագահների մակարդակով ԼՂ հարցով նոր հանդիպում անցկացնելու համաձայնությունը: Բայց հարցն այն է՝ ի՞նչ է դա տալու համանախագահներին և կարգավորման գործընթացին` առհասարակ:

Ուորլիքի վերոնշյալ հայտարարության մեջ ուշագրավ է ակնարկը, նոր հանդիպում կազմակերպելուց զատ, ինչ-որ գաղափարների առկայության մասին, որոնք քննարկելու համար էլ, թերևս, համանախագահները եկել են տարածաշրջան: Ի՞նչ գաղափարների մասին է խոսքը` ԼՂ կարգավորման սկզբունքների՞, թե՞ հրադադարի ամրապնդմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի 3 պայմանավորվածությունների կատարման: Սա սկզբունքային պահ է:

Ընդամենը երեք օր առաջ ռուսական РИА «Новости»  գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը հայտարարում էր, թե առավելագույնը, ինչին կարող է համաձայնել Ադրբեջանը, ԼՂ-ին իր կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելն էր: Ի՞նչ է կարծում Ուորլիքը, որ Ալիևը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ քննարկել, թե ինչպե՞ս է Արցախը հրաժարվում իր անկախությունից: Եթե` ոչ, ապա նույնիսկ Ալիևի` հանդիպման համաձայնելու դեպքում ինչո՞ւ պետք է հայկական կողմը բանակցի մի նախագահի հետ, ով փաստացի հայտարարում է բանակցային ներկայիս գործընթացի օրակարգից իրենց հրաժարվելու և բացարձակապես նոր՝ Հայաստանի և Արցախի կապիտուլյացիայի պայմանների օրակարգ ստեղծելու մասին:

Արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և անձամբ Ուորլիքը հարցրե՞լ են Ալիևին, թե ո՞ր դեպքում է նա ճիշտ խոսում` երբ բանակցում է իրենց հետ և համաձայնում շփման գծում խաղաղության վերականգնմանն ուղղված` Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմա՞նը, թե՞ այն ժամանակ, երբ նման հանդիպումներից վերադառնալուց հետո Բաքվից սկսում է հայտարարել այդ նույն պայմանավորվածությունների կատարման աննպատակահարմարության, իր վրա գործադրվող ճնշումների և դրանց չենթարկվելու` իր հերոսական մաքառումների մասին:

Համանախագահների` տարածաշրջան այցի նախօրեին՝ հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում ադրբեջանական զինուժը այս տարվա ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձեր է կատարել: Բարեբախտաբար, առանց կորուստների, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կասեցրել են այդ փորձերը՝ հակառակորդին կորուստներ պատճառելով: Սա ոչ միայն իրավիճակը հետևողականորեն լարելու` ալիևյան մարտավարության հերթական դրսևորում է, այլև պատասխան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ բանակցությունները կրկին վերսկսելու նախաձեռնությանը և Ոուրլիքի ակնարկած «գաղափարներին», որոնց վրա Բաքուն խորապես թքած ունի: Առնվազն տարօրինակ է, որ համանախագահներն Ալիևի հետ հանդիպում ու ինչ-որ բաներ են քննարկում՝ առանց գոնե իրենց հասցրած այդ ապտակին որևէ կերպ արձագանքելու: Փոխարենը Ուորլիքն այնպիսի ոգևորությամբ է խոսում նախագահների մակարդակով նոր հանդիպում անցկացնելու հարցում Ալիևի պատրաստակամության մասին, կարծես դա ինչ-որ բան է փոխել, փոխում կամ փոխելու:

Ալիևը ցանկանում է դարձյալ գործընթացը վերադարձնել «բանակցություններ՝ պատերազմի սպառնալիքի» տակ` մինչապրիլյան տրամաբանության շրջանակը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե ապրիլյան պատերազմը ոչինչ չի փոխել: Նպատակը շատ պարզ է` օրակարգից հանել վիեննական և սանկտպետերբուրգյան  պայմանավորվածությունների թեման` ընդհանրապես: Եվ ադրբեջանական զինուժի կողմից ԼՂ դիրքերի վրա նոր հարձակման ձեռնարկումը չդատապարտելով, ինչ-որ անիմաստ հանդիպմանը համաձայնելուց ոգևորությունն արտահայտելով` համանախագահներն ընդամենը հուշում են, որ  իրենց նպատակը բանակցությունների պատրանք ստեղծելն է՝ անտեսելով ապրիլյան պատերազմի հետևանքները, քան կարգավորման իրական պայմանների ստեղծումը՝ Ադրբեջանի ապակառուցողականությունը հստակ ու բարձրաձայն մատնանշելու, նրանից ոչ թե հանդիպում խնդրելու, այլ ստանձնած պարտավորությունները կատարելու պահանջ ներկայացնելու միջոցով: Հակառակ դեպքում` նրանք Ալիևին վստահություն են ներշնչում, որ կարող է կրկին բանակցություններում խաղի իր կանոնները թելադրել և գործընթացը տանել իր համար ցանկալի ճանապարհով:

Գևորգ Դարբինյան