կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 14:54
Հասարակություն

Կոտայքի մարզպետի և վարչապետի խոսքերում հակասություն չկա. Էդուարդ Աղաջանյան

Կոտայքի մարզպետի և վարչապետի խոսքերում հակասություն չկա. Էդուարդ Աղաջանյան

Կոտայքի մարզպետի և վարչապետի խոսքերում հակասություն չկա. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Կոտայքի մարզպետի` այսօրվա հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը, մինչդեռ, ըստ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, Աբովյանի ընտրությունները արժանապատիվ քաղաքացիների պարտությունն էր: 

Էդուարդ Աղաջանյանը շեշտեց նաև, որ Կոտայքի մարզպետը հավատացած է՝ միանշանակ, օրենքի տառին համապատասխան են անցել ընտրությունները:

«Բայց նշեմ, որ խմբերի տարբեր տիպի ազդեցություններ արդյունքների վրա եղել են, որը արձանագրում ենք: Մեր թիմը պետք է երկար վերլուծի այս ընտրությունների արդյունքները և համապատասխան հետևություններ անի: Կարծում եմ՝ որևէ արտառոց բան չկա»,- ասաց նա:

Խոսելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարության մասին, ըստ որի` Կոտայքի մարզպետն իր պահվածքի համար պետք է հրաժարական տա, Աղաջանյանը հարցեց` ինչի՞ համար պետք է հրաժարական տա:

Լրագրողների արձագանքին` երեկ ընտրատեղամաս գնալու համար, Աղաջանյանն ասաց, որ այդտեղ  վարչական ռեսուրսի որևէ չարաշահում չկար: «Որքանով տեղյակ եմ, դա այն ընտրատեղամասն է եղել, որտեղ նա քվեարկել է: Ինքը տվյալ տեղամասի ընտրող է հանդիսացել: Իր ընտրելուց հետո եղել է ահազանգ, որ ցուցակ կա հանձնաժողովի անդամներից մեկի մոտ, և այդ ահազանգին նա արձագանքել է, համապատասխանաբար: Այդտեղ ոչ մի ռեսուրսի չարաշահում չկա»,- պարզաբանեց նա:

Աղաջանյանը նաև անդրադարձավ ԼՀԿ առաջնորդի այն հայտարարությանը, ըստ որի`Ռոմանոս Պետրոսյանը փչացրել է ընտրությունները: «Դա Մարուքյանի կարծիքն է, ես այն չեմ կիսում»,- նշեց նա:

Պնդմանը, թե մարզպետը ՀՔԾ պետ չէ, ոչ էլ `դատախազ, ինչո՞ւ պետք է գնար ընտրատեղամաս, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Իրավապահ մարմիններին ուղարկվել է այդ գրությունը, այդ ցուցակը, և համապատասխան մարմինները պետք է զբաղվեն դրանով»:

Ինչ վերաբերում է այն  հարցին, թե ինչո՞ւ պարտվեց ՔՊ-ն, Աղաջանյանն ասաց, որ պետք է վերլուծեն: «Ես կարծում եմ, վստահաբար, ազդեցության էլեմենտները տարբեր են և շատ: Չեմ կարող այս պահին որևէ մեկ նման էլեմենտ առանձնացնել: Եթե իմ կարծիքն արտահայտեմ, ապա նախընտրական այդ պրոցեսին նախորդող ժամանակահատվածը պետք էր ավելի ակտիվ աշխատել»,- եզրափակեց նա: