Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ՝ մայիսի 13-ի ուշ երեկոյան, հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Երկու կողմերի տարածած հաղորդագրություններում առկա են ակնառու տարբերություններ. ըստ հայկական կողմի՝ քննարկվել է Սյունիքում տիրող սահմանային իրավիճակը և դրա առնչությամբ ՀԱՊԿ դիմելը, սակայն ռուսական կողմի հաղորդագրության տեքստն այլ է։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ մայիսի 13-ի ուշ երեկոյան, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը:
Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը, առաջին հերթին՝ հրադադարի ռեժիմի խիստ պահպանման առումով:
Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու և Երևանի ու Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու՝ իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, հանդես է եկել հօգուտ կառուցողական երկխոսության և փոխգործակցության, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ», – ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված տեքստում։
Մինչդեռ ՀՀ վարչապետի էջի տարածած հաղորդագրության մեջ նշված է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու հանձնարարականի մասին, ինչպես նաև այն, որ «զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով»։
«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:
Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով», – նշված է հայկական կողմի հաղորդագրության մեջ։