կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-20 16:07
Քաղաքական

Տարածաշրջանում լարված վիճակը չի բացառում նոր պատերազմի բռնկումը. Յուրի Խաչատուրով

Տարածաշրջանում լարված վիճակը չի բացառում նոր պատերազմի բռնկումը. Յուրի Խաչատուրով

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտապի պետ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտական, շարքային կազմի ողջ անձնակազմին, ՀՀ ԶՈՒ քաղծառայողներին և բանվոր-ծառայողներին:

Սեպտեմբերի 21-ը` Անկախության օրը, այս տարի տոնում ենք մի առանձնակի շուքով, քանզի մեր երիտասարդ հայրենիքը բոլորել է իր 25-րդ հոբելյանական տարին:

Անկախությունը հայ ժողովրդին հնարավորություն է տվել վերակերտելով իր պետականությունը, ապահովել ինքնիշխան ապրելու և հարատևելու լայն ճանապարհ: Դա համընդհանուր ձեռքբերում է և յուրաքանչյուրիս հպարտությունը: Ահա թե ինչու այդ տոնը այսօր նշում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի և սփյուռքի ողջ հայությունը:

Քսանհինգ տարին պետության պատմության մեջ փոքր ժամանակահատված է, բայց այն կերտող սերնդի համար դա պայքարի ու տքնաջան աշխատանքի, ձեռքբերումների, նաև` զրկանքների հաղթահարման օրեր, ամիսներ, տարիներ են: Այդ տարիների մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է Հայոց ազգային բանակը, որը շուտով նույնպես կբոլորի իր 25-ամյակը: Անկախությունը և բանակը իրարից անբաժան են, մեկը մյուսով է պայմանավորված: Հայոց բանակը ժողովրդի հետ սերտորեն համագործակցելով և նրա ջերմ աջակցությամբ անկախության տարիներին օրեցօր բարձրացրել է իր մարտունակությունը, դարձել մեր հայրենիքի անվտանգության, խաղաղության ու կայունության հիմնական երաշխիքը:

Վատ պաշտպանված երկրի անկախությունը խիստ փխրուն է, խոցելի ու վտանգված: Այդ ճշմարտության խորը գիտակցումով պետք է մեր բանակին անդամագրված յուրաքանչյուր ոք կրի իր ծառայությունը: Այսօրվա անկախությունը հայերի համար դարերի երազանք է եղել: Մեր սերնդին բախտ է վիճակվել իրականություն դարձնել այն, որը մեծ պատիվ լինելուց բացի միաժամանակ մեծ պատասխանատվություն է դնում բոլորիս վրա: Մենք պարտավոր ենք սրբորեն պահել-պահպանել անկախությունը և հաջորդ սերնդին փոխանցել ազատ, ինքնիշխան, ավելի ուժեղ բանակ ունեցող բարգավաճ հայրենիք:

Հայ ժողովրդի մեջ երբեք չի խամրել ազատության ոգին: Մեր հազարամյա պատմության ակունքներից սնվող այդ ոգին է թևեր տվել ու ոգեշնչել մեզ գերությունից ազատելու Հայոց Արցախ աշխարհը, որի անկախության 25-ամյակը նույնպես վերջերս նշվեց: Հայ քաջորդիները թե Արցախյան ազատագրական պատերազմում, թե 1994թ. զինադադարից հետո նենգ թշնամու հետ բոլոր բախումների ժամանակ, բազմիցս ապացուցել են, որ երբեք թշնամուն թույլ չեն տա մտնել հայրենի հողը, որ ամուր է իրենց բազուկը, իսկ ոգին անընկճելի ու աննկուն: Նրանք մեկ անգամ չեն ցույց տվել, որ հայ ժողովրդի ազգասիրությունը, մարտադաշտում դրսևվորվող խիզախությունն ու քաջությունը ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և դառնում նրա գոյատևման ու հարատևման հիմնական գործոնը:

Մենք հերոսների պակաս երբեք չենք զգացել: Հայ զինվորի հայրենասիրության, նրա քաջության, անօրինակ սխրանքների բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում հայրենիքին իրենց նվիրվածությամբ, մարտական գործողությունների ժամանակ աչքի ընկած մեր բանակի զինծառայողներին, ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն են կատարում իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: Իհարկե, շատ է ցավալի, որ անդառնալի կորուստներ ենք ունենում: Հպարտությամբ փառք տանք հայրենի հողի համար զոհված մեր հերոս տղաներին ու գլուխներս խոնարհենք նրանց անմոռաց շիրիմների առաջ:

Տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված վիճակը չի բացառում նոր պատերազմի բռնկումը, որը, իհարկե, մենք չենք ցանկանում, բայց եթե այն կրկնվի, ապա մեր հաղթանակը այդ պատերազմում այլընտրանք չպետք է ունենա: Ահա թե ինչու երբեք չպետք է թուլանա մեր զգոնությունը և այսօր ավելի ուժեղ պետք է լինենք, քան երեկ: Սա է մեր առջև դրված ամենահրատապ խնդիրը, որի իրականացման գլխավոր պայմանը հայրենասիրությունն է: Ինչպես ասել է մեծն Գարեգին Նժդեհը. «Թշնամուն երբեք չի պարտվի այն զինվորը, որը անմնացորդ սիրում է իր հայրենի հողը: Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ և մեռնում դրա պակասից»:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մեծ տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն, անձնական և ծառայողական նորանոր հաջողություններ»: