կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-01 14:29
Սպորտ

Դժգույն խաղ ու ոչինչ չասող փորձարկումներ

 Դժգույն խաղ ու ոչինչ չասող փորձարկումներ

Երեք օր անց կմեկնարկեն Մունդիալ-2018-ի ընտրական փուլի խաղերը: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի Դանիայի հետ` մրցակցի հարկի տակ:

Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ` մեր հավաքականը մարտ ամսին տարվա առաջին ընկերական խաղում 0:0 հաշվով ավարտեց տնային հանդիպումը Բելառուսի ընտրանու հետ: Մոտ 2 ամիս անց հետևեց տպավորիչ 2 հաղթանակ. ԱՄՆ-ում ընթացող հավաքի ժամանակ մեր ընտրանին 7:1 և 4:0 հաշիվներով հաղթեց, համապատասխանաբար, Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականներին:

Հայաստանի հավաքականը երեկ անցկացրեց հերթական ընկերական հանդիպումը, որը 4-րդն էր այս տարում: Մեր ընտրանին հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային` Դանիայի հետ կարևորագույն խաղից առաջ մեր ընտրանին միայն դժգույն խաղ ցուցադրեց: Մեր հավաքականի այս խաղի մասին հնարավոր չէ դրական որևէ բան ասել, քանի որ Սուքիասյանի գլխավորած թիմը ոչնչով աչքի չընկավ։  Ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ չտեսանք մարզչի` ընդգծված խաղային հստակ ձեռագիր,  շատ էր փոխանցումների խոտանը: Մեր ֆուտբոլիստները սխալվում էին նույնիսկ ամենապարզունակ իրավիճակներում: Այնպիսի տպավորություն էր, որ հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն առաջին անգամ էին խաղում միմյանց հետ: Թերևս կարիք չկա առանձին-առանձին անդրադառնալու խաղային օղակներին, քանի որ ամբողջ թիմն էր թերանում խաղային այս կամ այն իրավիճակում:

Առաջին խաղակեսում մեկ-երկու անգամ քիչ, թե շատ վտանգավոր պահեր կարող էին ստեղծվել չեխերի դարպասի մոտ, եթե մրցակցի ֆուտբոլիստները կոպիտ չխաղային մեր առաջատարի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ: Մի պահ նույնիսկ թվաց, թե Մխիթարյանն այլևս չի կարողանա շարունակել հանդիպումը, բայց մեր կիսապաշտպանը ոտքի կանգնեց, թեև րոպեներ անց փոխարինվեց: Դեռևս հայտնի չէ, թե ի՞նչ բարդության վնասվածք է ստացել մեր ավագը: Ստացվում է, որ մեր  հակառակորդները գտել են մեր թիմին կոտրելու ամենահեշտ ճանապարհը. բավական է վնասազերծել Մխիթարյանին` թեկուզ կանոնների խախտման գնով, և ամեն ինչ կարելի է համարել հաջողված։

Նման խաղով, իհարկե, ավելորդ է խոսել ընտրական փուլում որևէ հաջողության հասնելու մասին։

Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը խաղից հետո նշեց, թե այս խաղում փորձարկումներ էր անում։  Դժվար է ասել, թե ինչ տվեցին այս փորձարկումները Սուքիասյանին։ Չմոռանանք, որ հանդիպումն ընկերական էր նաև Չեխիայի ընտրանու համար, և չեխերն էլ, ինչպես և մենք, փորձարկում ու նախապատրաստվում են աշխարհի առաջնության ընտրական փուլին, սակայն երեկվա փորձարկումները ցույց տվեցին, որ մեր ընտրանին նման խաղով անելիք չունի աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Մնում է հուսալ, որ 3 օր անց Դանիայի հետ խաղում կտեսնենք այլ հավաքական, թեև, տեսնելով Չեխիայի հետ հանդիպումը, այդ ամենը թվում է անիրական։   

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ