Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը օրեր առաջ գրավոր հարցեր է ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ստացել դրանց պատասխանները։ Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:
-Կարելի՞ է արդարություն ակնկալել Հայաստանի դատարաններից:
Դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ: Դատավորներն առաջին հերթին գնահատում են իրենց խոցելիության աստիճանը և միայն դրանից ելնելով են վճիռներ կայացնում: Դա արդարադատություն չէ, այլ դատավորների կողմից անձնական ռիսկերի գնահատում:
Կոռուպցիայով կեղտոտված դատավորները և դատախազներն ավելի հնազանդ են ռեժիմին: Իհարկե, կան նաև դատավորներ, ովքեր պահպանել են արժանապատվությունը և մասնագիտական պատիվը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց անկախության համար: Իմ հարցով դրական որոշումներն ընդունվել են հենց այդպիսի դատավորների կողմից՝ ի հակառակ դատախազական բեսպրեդելի:
-Հայաստանում իրավական առումով կասկածելի պրոցեսներ են ընթանում: Միայն Սահմանադրական դատարանի և նրա նախագահի դեմ ձեռնարկված արշավը նախկինում բավարար կլիներ, որ իրավապաշտպանները խիստ հայտարարություններ անեին, միջազգային հստակ արձագանք լիներ: Ինչո՞վ եք բացատրում քաղաքացիական հասարակության այս ինֆանտիլությունը: Ինչպե՞ս փոխել իրավիճակն այս հարցում:
Պարզվեց՝ Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց: Ըստ էության, այն ստեղծվում և ֆինանսավորվում էր որոշակի ուղղվածության ընդդիմադիր ուժերի սպասարկման համար: Իրենց կոչմանը հավատարիմ քիչ իրավապաշտպաններ մնացին: Այսօր իրավապաշտպան գործունեությանն անկեղծ նվիրված մարդկանցից նոր հանրույթ է ձևավորվում, որոնք ունակ են վեր կանգնել իրենց քաղաքական հակումներից: Իմիջիայլոց, նրանց ինտելեկտուալ և բարոյական մակարդակն անհամեմատելի բարձր է պրիմիտիվ և ծուլացած գրանտակերների մակարդակից:
-Առաջիկայում Արցախում ընտրություններ են, բանակցային պրոցեսը մտել է փակուղի: Ինչ պետք է անի Արցախի ղեկավարությունը, և ո՞ւմ եք տեսնում Արցախի նախագահի պաշտոնին՝ որպես այս փուլում արժանի իրավահաջորդի:
Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձև: Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան:
Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը և դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի):
Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից:
Ընդ որում, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի և Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից:
Իշխանության հռչակված իրավահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը:
Ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում: Այդպիսի կազմակերպություններ և պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես: Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, և թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ:
Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրբ է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար և թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։