կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-28 15:54
Քաղաքական

ՀԱԿ-ը դեռ չի հանգստացել

ՀԱԿ-ը դեռ չի հանգստացել

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահեցնում է, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ԱԺ 5 խմբակցությունների ստորագրած համաձայնագիրն իրենց նախագիծն է:

«Սա դուռ է բացում մեր առաջարկությունների ընդունման համար, և այդ դռնով մենք փորձում ենք անցնել, ուրեմն` կողմ ենք քվեարկելու»,- ասաց նա եւ հավելեց, որ մատնանշված քայլերն իրագործելու համար ֆինանսական միջոցներ գտնելը խնդիր չէ, քանի որ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորման հարցը լուծված է. 8,5 միլիոն եվրո արդեն տրվում է, եթե սրան գումարում ենք կառավարության կողմից հատկացվելիք 3 միլիոնը, մնում է գտնել 4 միլիոն եվրոն: Իսկ եթե իշխանությունը, ըստ Զուրաբյանի, չի ուզում լուծել այդ 4 մլն-ի խնդիրը, նշանակում է, որ դրժում է իր խոստումը:

Պատգամավորը նշեց, որ «իրենք չեն հանգստացել այս փոփոխությունների ընդունումով», սա ընդամենը մեկ քայլ է, պետք է պայքարեն այդ քայլն իրականացնելու համար:

Հարցին, թե իշխանափոխությունը ՀԱԿ-ը հիմա միայն ընտրությունների միջոցո՞վ է պատկերացնում, այլևս փողոցային պայքար չի՞ լինելու, Զուրաբյանը պատասխանեց, թե ամեն քաղաքական իրավիճակ թելադրում է իր կանոնները: «Մենք այն ուժը չենք, որ երբևիցե սահմանափակել ենք մեզ` ընտրական մեխանիզմներով փոփոխությունների հասնելով, մեզնից շատ ոչ ոք ցույց չի արել, չի գնացել` շենքեր շրջափակել»,- ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, որ չկան արդյունքներ, Զուրաբյանը համաձայնեց, որ, իշխանափոխության առումով, այո, արդյունքներ չկան: «Մենք օգտագործելու ենք բոլոր միջոցները, ամեն ինչ էլ անելու ենք: Ուղղակի այստեղ մի իրավիճակ կա` կապված ապրիլյան պատերազմի հետ` ռազմական վտանգը կախված է երկրի վրա, բնական է՝ մենք ապակայունացում թույլ չենք տա, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք մեր սահմանադրական իրավունքից և չենք օգտագործելու դա»,- եզրափակեց նա: