Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանգուցալուծումը տեղի ունեցավ, իհարկե, գոհ եմ, որ ճանապարհներ չեն փակվում, որ մեզ հանգիստ ենք զգում, անախորժություններ չկան, մնացածը ժամանակը ցույց կտա. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը` նա նշեց, որ դեռ հիմքեր չի տեսնում:
Պատգամավորը նաև անդրադարձավ այն թեմային, թե ԱԺ-ն լեգիտիմ չէ: «Բոլոր ուժերը ժամանակին արտահայտվել էին և գոհունակություն էին հայտնել ընտրությունների վերաբերյալ: Չի կարելի կասկածի տակ դնել արդեն անցած ընտրությունները»,- ասաց նա:
Հարցին էլ` արտահերթ ընտրությունների հիմքեր չի՞ տեսնում, բայց այն հանգամանքը, որ գործադիրում այլ մարդիկ են, օրենսդիրում մեծամասնությունբ այլ է, դա հիմք չէ՞, Գևորգյանը պատասխանեց. «Աշխարհի ամենաժողովրդավար երկրում այսօր հենց այդպես է, երկրի ղեկավարը մի այլ կուսակցությունից է, պառլամենտում մեծամասնությունը` մեկ այլ, խոսքը ԱՄՆ-ի մասին է: Եթե կա աշխատելու կամք, ցանկություն, ոչ մի խնդիր չեմ տեսնում, կսկսենք աշխատանքները և կտեսնենք` ինչպես ենք աշխատում»:
Գևորգյանը վստահ է` այս անգամ ռեյտինգային ընտրակարգով է եկել ԱԺ, բայց «մյուս անգամ մեծամասնականով կգա»: Հարցին` կառավարությունը ցանկանում է ռեյտինգային ընտրակարգը փոխել, նա պատասխանեց. «Խոսում ենք ժողովրդավարությունից, ժողովուրդն իրավունք ունի ընտրելու այնպիսի պատգամավորի, ով ոչ կուսակցական է: Մենք հիմա գնում ենք փոփոխությունների, դրա մասին միշտ խոսում էր ընդդիմությունը: Խնդրեմ, դաշտը հիմա պարզ է, ազատ է, կարող են ցանկացած առաջարկ անել, մենք էլ կաջակցնեք, կանցկացնենք»:
Պատգամավորը միևնույն ժամանակ նշեց, որ եթե լինեն Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, լինեն առաջարկներ, ինչին ինքը կողմ կլինի, կողմ կքվեարկի, ինչին դեմ լինի, ապա կքվեարկի դեմ: «Իշխանությունը հիմա այն մարդկանց ձեռքին է, ովքեր խոստանում են, որ կանեն ամեն ինչ, որպեսզի չլինի կոռուպցիա, չլինեն ընտրակաշառքներ: Այդ դեպքում ինձ համար զարմանալի է` ի՞նչ տարբերություն, թե ոնց կլինի ընտրությունը, եթե չկա ընտրակաշառք, չկան խախտումներ»,- ասաց նա:
Գևորգյանը հավելեց, որ ժամանակից շուտ հայտարարություններ չպետք է անել: «Տեսնենք` ինչ փոփոխություններ կլինեն, հետո կմտածենք: Ամեն դեպքում ընտրում է ժողովուրդը: Համբերություն: Ես կարծում եմ, որ իշխանությունը դեմ չէ ցանկացած դրական և լավ առաջարկի, ես համոզված եմ, որ իշխանությունները փայտեր չեն դնելու նրանց ընթացքի, ոտքի տակ և չեն փորձելու խանգարել: Ավելին կասեմ` մենք օգնելու ենք, որպեսզի ստացվի նոր իշխանության մոտ»,- հայտարարեց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ չէր սպասում, որ երբևէ նման բան տեղի կունենա, և Փաշինյանը կգա իշխանության: Նա նշեց, որ ոչ ոք նման բան չէր սպասում: Գևորգյանը նշեց, որ միշտ ազնիվ է եղել և հիմա էլ ազնիվ կլինի: «Եթե ես գոհ չէի մեր թիմի շատ աշխատանքներից, դա չի նշանակում, որ ես կողմ էի իշխանափոխությանը, կամ` էն մարդկանց, ովքեր եկել են իշխանություն, բայց ես դեմ չեմ, որ նրանց մոտ լավ ստացվի»,- ասաց նա:
Հարցին` նկատո՞ւմ էր, որ ժողովուրդը ավելի քան չի սիրում ՀՀԿ-ին, պատգամավորն արձագանքեց. «Մեծ հաշվով` եթե նկատեինք, չէինք կանգնի փաստի առաջ: Խնդիրների մասին խոսել եմ, տարբեր են եղել արձագանքները: Եղել են դեպքեր, երբ սվիններով են դիմավորել, եղել են դեպքեր, երբ համաձայնել են ինձ հետ: Հանրապետական թիմը բավական մեծ է և տարակարծիք»:
Իսկ արդյո՞ք այդ թիմը լքելու ցանկություն ունի, նա պատասխանեց` առայժմ ոչ: «Ես ազատ քաղաքացի եմ, ազատ մարդ եմ: Ես եմ կողմնորոշվում, և ես եմ պատասխան տալիս իմ ընտրողների առաջ, իմ խորը համոզմամբ ՀՀԿ-ն պետք է ներքին աուդիտ ներկայացնի և գնահատի, հասկանա իր սխալները և լուրջ քայլերի գնա: Կարծում եմ` կլինի փոփոխություն»,- հույս հայտնեց նա:
Հարցին էլ` կուսակցության նախագահը պե՞տք է փոխվի, պատգամավորն արձագանքեց. «Համբերություն ձեզ: Կտեսնեք էլի, ո՞ւր եք շտապում: Ես թարմացմանը կողմ եմ, վաղուց եմ արտահայտվել` ժամանակն է, որպեսզի լինի փոփոխություն»: