կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 17:29
Քաղաքական

Պատգամավորը դժգոհեց` 2 կգ-անոց փաստաթուղթը երկու օր առաջ են ստացել

Պատգամավորը դժգոհեց` 2 կգ-անոց փաստաթուղթը երկու օր առաջ են ստացել

Այսօր` ԱԺ քառօրյայի վերջում, սկսվեց հարկային նոր օրենսգրքի քննարկումը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին` միաժամանակ դիմելով նաև ԱԺ նախագահությանը: Պատգամավորը տարակուսեց, թե շաբաթ օրը ԱԺ նախագահությունը դեռ որոշում չուներ, որ հարկային նոր օրենսգիրքը մտնելու է քառօրյայի օրակարգ, մինչդեռ 2 կիլոգրամ կշռով 700 էջանոց փաստաթուղթը բաժանել են պատգամավորներին երեկ չէ առաջին օրը, որ չեն հասցրել անգամ կարդալ, ծանոթանալ:

«Այս ծանր քառօրյայի վերջում, մենք էլ` հոգնած, դուք բերել եք այս օրենսգիրքը: Մենք ցանկանում ենք լուրջ մասնակցել այս քննարկմանը, բայց ֆիզիկապես չունենք հնարավորություն, անգամ` մեր փորձագետներն ու տնտեսագետները դեռ չեն հասցրել կարդալ: Նույնիսկ եթե սա համարես գեղարվեստական գիրք ու փորձես սուրճով ու կոնյակով կարդալ, առնվազն մի քանի օր պետք կգա, մանավանդ, որ սուրճն ու կոնյակը չեք տալիս»,- ասաց Արամ Մանուկյանը:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ էլեկտրոնային տարբերակով փաստաթուղթը եղել է ապրիլ ամսից: Ըստ նրա`մինչև սեպտեմբեր կա ժամանակ, որ պատգամավորները ամբողջությամբ քննարկեն հարկային նոր օրենսգիրքը և ուսումնասիրեն: