Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անհատ ձեռներեց Վահագն Մնացականյանն այն անձն է, ով, համաձայն գործի նյութերի, 2015-ի մարտի 4-ին Էրեբունի վարչական շրջանի տարածքից Նոր Նորքի երկրորդ զանգված է տեղափոխել Երրորդմասցի Լյովիկին և ընկերներին սպանողներին: Սակայն այսօր գործով որպես վկա ներգրավված Վահագն Մնացականյանը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող հերթական դատական նիստում հայտնեց, որ ամբաստանյալներին տեսել է միայն հեռուստացույցով: Նա ասաց, որ չի հիշում այդ անձանց դեմքերը, թեև նախաքննական ցուցմունքում մանրամասնորեն նկարագրել էր նրանց արտաքինը, ընդգծել ամբաստանյալներից մեկի դեմքին եղած սպին:
Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, ամբաստանյալներ Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանը, Սարգիս Հախանումյանը հանցագործությունը կատարելուց հետո դեպքի վայրում թողել են ինքնաձիգներն ու ավտոմեքենան և ոտքով` բակային ճանապարհներով, հեռացել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական տարածքից, նստել պատահական մեքենա, հետո մեկ այլ` տաքսի, և գնացել «Միլենա» տաքսի ծառայության ընկերություն: Այս գործով վկան հենց այդ պատահական մեքենայի` Volkswagen Bora մակնիշի ավտոմեքենայի տերն էր: Վկան դատարանին պատմեց, որ դեպքի օրն ինքն իր սովորական աշխատանքին է եղել, երբ մոտեցել են երեք քաղաքացիներ ր խնդրել իրենց տեղափոխել «Էրեբունի» հիվանդանոց, քանի որ իրենցից մեկն իրեն վատ է զգում, սակայն հիվանդանոցի ճանապարհին խնդրել են վարորդին ուղղությունը փոխել և բարձրանալ դեպի Նորք-Մարաշ:
Վկայի խոսքով` իր հետ խոսել է իրեն վատ զգացող քաղաքացին, միայն նրա դեմքն է մտաբերել և, ներկայացված նկարներից մեկի հետ համեմատելով, ճանաչել: «Գույնը գցած տեսք ուներ, ասեցին` քո մեքենա՞ն է, ասացի` հա, խնդրեցին տանել հիվանդանոց»,- պատմեց նա:
Վկան ասաց, որ տեղ հասնելուց հետո անծանոթներն իրեն գումար են տվել (10.000 դրամ) և հեռացել: Ըստ նրա` ուղևորների իջեցնելուց հետո իրեն են մոտեցել ոստիկանները` մոտ 5 կարմիր բերետավորներ, և պահանջել ցույց տալ այն ճանապարհը, որտեղով նա բերել է անծանոթներին և իջեցրել: Վկայի խոսքով` իրեն օրեր շարունակ հրավիրել են քննչական մարմին, 24 ժամ շարունակ պահել այնտեղ, ցույց տվել տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված` իր մեքենայի տեղաշարժը, տարբեր անձանց լուսանկարներ ցուցադրել և 100-ից ավելի մարդկանց բերել` ճանաչման:
Մեղադրող դատախազ Արամյանն էական հակասություններ նկատեց վկայի` նախաքննության ընթացքում և դատարանում տված ցուցմունքների միջև և միջնորդեց դատարանին` հրապարակել նախաքննական ցուցմունքը:
Վահագն Մնացականյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում: