Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա երկու ընկերների սխանության գործով հերթական դատական նիստը: Այսօր դատարանը հետազոտեց դեպքի օրը գործով երեք ամբաստանյալների շարժն «արձանագրած» տեսագրությունները: Խոսքը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանում գտնվող տարբեր օբյեկտներից առգրավված տեսախցիկների արձանագրություններին:
Ուշագրավ է, որ թեև զննության արձանագրություններում նշված է, թե որ տեսանյութի որ րոպեում են երևում երեք անձինք և նրանց տեղափոխած տաքսի ավտոմեքենան, սակայն դատարանում հրապարակված տեսանյութերից որևէ բան հասկանալի չէր: Մեկ ժամից ավելի տևած զննությամբ` որևէ դրվագում չերևացին երեք երիտասարդներ, առավել ևս` ամբաստանյալները:
Այս կապակցությամբ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց արձանագրել, որ զննության արձանագրությունն իրականությանը չի համապատասխանում, սակայն մեղադրող դատախազը միջնորդեց հետաձգել նիստը և իրեն ժամանակ տրամադրել այդ տեսանյութերն ուսումնասիրելու և դատարանին ներկայացնելու համար:
Թեև պաշտպանն առարկեց մեղադրողի միջնորդության դեմ՝ նշելով, որ դատական նիստն անհարկի հետաձգվում է, դատարանը բավարարեց այն՝ ևս մեկ «շանս» տալով դատախազին:
Ի դեպ, տեսանյութերի ուսումնասիրությունը նյարդայնացնում էր գործով ամբաստանյալներին և դահլիճում ներկա անձանց, քանի որ դրանցում գործին վերաբերող որևէ հանգամանք ի հայտ չեկավ:
Այս կապակցությամբ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանին՝ Ծգլին, ասելով. «Ինչո՞ւ եք շտապում, ինչի՞ց եք ուշանում, մեկ է ՝ գնալու եք, խցում նստեք, հեն ա` էստեղ նստած եք, գոնե այստեղ օդը մաքուր է»:
Ի պատասխան՝ Ծգլն արձագանքեց. «Սենց բաներ տեսնում՝ ներվայնանում եմ: Ձեզ հարգում եմ (նկատի ունի դատավորին), դրա համար եմ եկել, թե չէ՝ չէի գա»:
Դատավորը հորդորեց նիստերին նյարդայնացող անձանց՝ չգալ դատերին: «Ինձնից շատ, հաստատ, ոչ մեկ չի ներվայնանում»,-նշեց նա:
Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց: