կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-15 17:34
Քաղաքական

Տարոն Մարգարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ տվեց հայելու մեջ նայել

Տարոն Մարգարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ տվեց հայելու մեջ նայել

«Մայիսի 5-ին մեր երեւանցին իր ձայնը տալու է ավելի լավ Երեւանին»,- նախընտրական քարոզարշավի շրջանակներում Աջափնյակ համայնքի բնակիչների հետ հանդիպումից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը: Ներկայացնում ենք Yerkir.am-ի թղթակցի եւ Տարոն Մարգարյանի զրույցը:

 

- Պարո'ն Մարգարյան, ի՞նչ եք կարծում, Երեւանում Ձեր վարկանի՞շն է ավելի բարձր, թե՞ ՀՀԿ-ինը:

- Ինձ թվում է` դա ինձ պետք է չհարցնեք: Ով վարկանիշներով է զբաղվում, իրենից էլ հարցրեք: Սոցիոլոգներին հարցրեք, որ սոցիոլոգիական հարցումներ են անում:

 

- ՀՀԿ քարոզչության շեշտը դրված է Ձեր անձի վրա, եւ ըստ այդմ էլ` տպավորություն է, որ Ձեր վարկանիշի վրա են հենված:

- Քանի որ վերջին տարիների երրորդ քաղաքապետը ես եմ, քաղաքապետ եմ այսօրվա,նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակն եմ գլխավորում, բնականաբար, իմ կարծիքով, դա է պատճառը: Թող դա Ձեզ չանհանգստացնի (փոքր-ինչ բարկացած):

 

- ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ պետք է պայքարել ոչ թե Տարոն Մարգարյան անձի դեմ, այլ համակարգի, քանի որ Դուք ընդամենը խամաճիկ եք: Ինչպե՞ս կարձագանքեք առաջին նախագահի այս գնահատականին:

- Ինձ թվում է իրեն համապատասխան մարդիկ արձագանքել են: Թող ամեն մարդ, ինչ խոսում է, առաջին հերթին իր մասին խոսի, հայելու մեջ նայի իրեն:

 

Նշենք, որ Տարոն Մարգարյանի մատնացույց արած «համապատասխան մարդը» ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովն է, ով համապատասխան ԶԼՄ-ներին տարակուսանք է հայտնել, որ «խամաճիկությունից խոսում է այն անձը, որ նախագահական ընտրությունների նախաշեմին վերածվել էր այլ քաղաքական ուժի խոսափողի, իսկ իր թիմին նա քաղաքական հանգստի գնալուց առաջ անկախ իրենց կամքից՝ փորձեց դարձնել խամաճիկ»: 

 

Տարոն Մարգարյանը լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձավ Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ գործող քաղաքապետը «ատկատներով» է զբաղված: «Ամոթ է նման խոսակցություն ծավալել, եթե նման խնդիր կա, ապա կան իրավապահ մարմիններ, եթե նման արտահայտություններ են անում, թող դիմեն իրավապահ մարմիններին: Ես պարզ ճակատով եմ երեւանցիների առջեւ կանգնում: Դուք մոռացե՞լ եք` տասնյակ տարիներ շարունակ մեր ժողովրդի գլխին ինչ էին սարքում»,-հայտարարեց Տարոն Մարգարյանը:

 

Ագնեսա Խամոյան