Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն անդրադարձավ ամերիկյան «Մոնսանտո» ընկերության շուրջ առաջացած աղմուկին: Հիշեցնենք, որ այդ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական սերմերի արտադրությամբ և արտահանմամբ, որոնցից ԳՄՕ պարունակությամբ գյուղմթերք է աճում:
«Առհասարակ, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասով գիտության մեջ կան տարբեր քննարկումներ: ՍԱՊԾ-ը գործողություններ է ձեռնարկում օրենսդրության շրջանակներում: Ներկայումս «Մոնսանտո» ընկերության կողմից Հայաստան ներկրվող սերմերի ծավալը չի գերազանցում մեկ տոկոսը, և ես չեմ կարծում, որ դա մեծ ռիսկ է պարունակում»,- ասաց նա:
Իշխան Կարապետյանը հավելեց, որ ՍԱՊԾ-ը 2018թ.-ին նախաձեռնել է լայն մոնիթորինգ իրականացնել գյուղմթերքում պեստիցիդների, նիտրատների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասով: Այդ արդյունքները ամփոփելուց հետո նոր կունենան ամբողջական պատկեր:
Ինքը` Կարապետյանը, որպես քաղաքացի, որպես մասնագետ, չի կարծում, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սնունդը նպատակահարմար է իրացնել Հայաստանում: ԳՄՕ օգտակարության կամ վնասակարության վերաբերյալ դեռևս վեճեր են ընթանում գիտական շրջանակներում: «Ինքս չէի կիրառի նման սնունդ: Մենք պետք է ուշադիր լինենք, հետևենք, թե ինչ ենք ուտում` ուշադիր հետևելով մակնշմանը: Մակնշման մեջ պետք է անպայման նշվի, եթե տվյալ սնունդը պարունակում է ԳՄՕ: Այդպես է պահանջում օրենսդրությունը»,- ասաց Կարապետյանը: