կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-02 16:25
Իրավական

Ապրիլյան մարտական գործողությունների կապակցությամբ հարուցված քրգործով տուժողների թիվը հասնում է 600-ի

Ապրիլյան մարտական գործողությունների կապակցությամբ հարուցված քրգործով տուժողների թիվը հասնում է 600-ի

Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ապրիլյան գործողությունների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և այլ հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչված անձանց թիվը հասնում է 600-ի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ԼՂՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության բաժնի պետ Կարեն Գաբրիելյանը: Նրա խոսքով` տուժողների թիվն ավելանում է, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակում է վնասներ հասցնել խաղաղ բնակչությանը:

Գաբրիելյանը նշեց, որ մինչև մայիսի վերջը գործի նախաքննությունը հնարավոր է ավարտվի: Բանն այն է, որ այս ընթացքում բնակավայրերը լքած որոշ քաղաքացիներ ԼՂՀ-ում չեն, և նրանց գտնելու և հարցաքննելու համար ժամանակ է հարկավոր: Նա հայտնեց, որ գործով նշանակված որոշ փորձաքննություններ կատարվում են ՀՀ-ում, և դրանց պատասխանները կկցվեն գործին:

«Մոտ ժամանակներս կստացվեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, իսկ շինարարատեխնիկական փորձաքննությունները դեռ ընթացքի մեջ են, քանի որ բնակավայրերին հասցվել է ահռելի մեծ վնաս»,- ասաց Գաբրիելյանը:

Նշենք, որ քրեական գործերը հարուցվել են ԼՂՀ քրեական օրենսգրքի 6 հոդվածի հատկանիշներով` մասնավորապես` ԼՂՀ ՔՕ 410-րդ հոդվածի 2-րդ մասով` ագրեսիվ պատերազմ, 413-րդ հոդվածի 1-ին մասով` հակամարտությունների եւ զինված բախումների ընթացքում ռազմական գործողություններ վարելու մեթոդների խախտում, 416-ի 1-ին մասի 1-ին կետով` միջազգային համաձայնագրերի խախտում, մարդասիրական իրավունքի միջազգային նորմերի խախտում, 416-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով` առողջությանը վնաս պատճառելը, մեծ չափերի գույքը կամայականորեն ոչնչացնելը, 416-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ընտրովի հարձակումը:

ԼՂՀ տարբեր շրջաններում հարուցված քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում: Նշենք, որ ԼՂՀ իրավասու մարմիններում հիմնականում քննվում են քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասների հետ կապված գործերը: Զինծառայողների սպանությունների, խոշտանգումների վերաբերյալ որոշ քրեական գործեր քննվում են ՀՀ քննչական կոմիտեում: Թե ի՞նչ արդյունք կտան հարուցված քրեական գործերը և ի՞նչ ընթացակարգով դրանք կարող են քննության առարկա դառնալ միջազգային ատյաններում, կանդրադառնանք առաջիկա հրապարակումներում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրած` հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, 2016թ. ապրիլի 02-ի գիշերը ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ ագրեսիայի ակտ են իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտմամբ, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, օբյեկտները՝ դպրոցներ, շինություններ, ճանապարհներ, այլ ենթակառույցներ և առանձին քաղաքացիական անձանց, ինչը առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների, գույքի մեծ չափերի անօրինական, կամայական  ոչնչացում: Կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտվում է մինչ օրս: