կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 14:44
Քաղաքական

Օրական 25 անգամ վարչապետի հրաժարական պահանջելը ''պոլիտիկանստվո'' է

Օրական 25 անգամ վարչապետի հրաժարական պահանջելը ''պոլիտիկանստվո'' է

Այսօր կան ուժեր, որոնք բացարձակապես չեն պահանջում նախագահի հրաժարականը, չեն ասում, որ նա կեղծիքով է ընտրվել, բայց օրական 25 անգամ ասում են, որ վարչապետը պետք է հրաժարական տա. Ազատության հրապարակում լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` պատասխանելով հարցին, որ` եթե դժգոհում են տնտեսությունից, արտագաղթից, արդարադատությունից, ոստիկանությունից, ընտրակեղծիքներից, ինչո՞ւ չեն պահանջում վարչապետի, ոստիկանապետի, արդարադատության նախարարի հրաժարականները:

 

Բանախոսը նշեց, որ քաղաքականությունը որոշակի հնարավորություն տալիս է ինչ-որ տեղ թաքցնել այն, ինչի մասին ուզում են ասել, եւ հասկանալի է, թե այդպիսի հարցերն ինչ են նշանակում:

 

 «Որովհետեւ հասկանալի է, որ այսօրվա մեր քաղաքական իրականությունը դե ֆակտո այնպիսին է, որ վարչապետը, որպես վարչապետ, ավելի քիչ լիազորություններ ունի, քան նույնիսկ կարող է ունենալ որեւէ նախարարի կամ օլիգարխի թիկնապահների շեֆը: Եվ այսօր եթե ֆիքսվում են եւ ուզում են մեզ քննադատել, թե օրական 25 անգամ չենք պահանջում վարչապետի հրաժարականը, ես պարզ դեմոգոգիա եմ տեսնում այդտեղ:

 

Չեմ ուզում անուններ տալ, բայց որոշ քարոզչամիջոցներ, որոնք, հասկանալի է, թե ինչ քաղաքական դիրքորոշում են պաշտպանում եւ ում են պաշտպանում, ուզում են մեզ մեղադրել` ինչու, օրինակ, վարչապետի հրաժարականը չենք պահանջում: Պետք է այսքան ժամանակ հասկացած լինեին, որ մեր պետության ողբերգությունն այն է, որ մեկ օլիգարխի թիկնապահն այսօր շատ ավելի հնարավորություն ունի այս պետության մեջ, քան վարչապետը: Եվ վարչապետի հրաժարական պահանջելով`  ցույց տալ, թե ինչ լավ ընդդիմադիր են, դա «պոլիտիկանստվո» է, ես սա կոպիտ եմ ասում, որ ոմանք, իրոք, հասկանան, որ չի կարելի զբաղվել `ինչ-ինչ անձնական շահեր այստեղ, այս հարցում լուծելով»,- պատասխանեց Ռուբեն Հակոբյանը:

 

Այնուհետեւ իրենց պահանջների կապակցությամբ բանախոսը պարզաբանեց, որ իրենց պահանջներն ավելի կոնցեպտուալ են, ու նշեց, որ իրենք հայտարարում են, որ ընտրությունները կեղծվել են, եւ նախագահ է ընտրվում կամ նշանակվում կեղծված ընտրությունների արդյունքներով:

 

«Ով ուզում է հասկանալ` ինչ ենք ասում, հասկանում է, իսկ ով ուզում է չհասկանալ, որքան էլ կրկնենք, չի հասկանալու: Կարծում եմ, որ այս անգամ պետք է հասկանա»,- շեշտեց Ռուբեն Հակոբյանը:

 

Իր ասածից հետո նա նշեց, որ հետեւաբար, երբ իրենք պահանջում են կեղծված ընտրությունների արդյունքները վերանայել, դա նշանակում է ե’ւ նախագահի, ե’ւ վարչապետի, ե’ւ ոստիկանապետի, ե’ւ արդարադատության նախարարի, ե'ւ բոլոր նրանց հրաժարականը, ովքեր ինչ-որ բարերար պաշտոններ ունեն եւ դրանք ի չարս են գործադրել: