կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-11 20:57
Իրավական

Կաշառք է տվել, որպեսզի տիրանա ազատամարտիկների համար նախատեսված բնակարանին

Կաշառք է տվել, որպեսզի տիրանա ազատամարտիկների համար նախատեսված բնակարանին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ` զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում արձանագրված խախտումների դեպքի առթիվ։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 2 անձի։
Նախնական քննության տվյալներով՝ N զորամասի զինծառայող, ենթասպա Է.Մելքոնյանը և նրա հանգուցյալ եղբոր կինը, տեղեկանալով, որ զոհված և մահացած զինծառայողների՝ սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող ընտանիքներին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անհատույց տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար, որոշել են դիմել՝ այն ստանալու համար։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կինն իր որդիների հետ բնակվելիս է եղել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանում, այսինքն՝ նշված ծրագիրն իրականում նրանց վրա չի տարածվել, այդուհանդերձ, գրավոր դիմում է ներկայացրել առ այն, թե որդիների և սկեսրոջ հետ բնակվում է վարձակալական հիմունքներով և խաբեության եղանակով ընդգրկվել բնակարանի՝ կարիքավոր ընտանիքների առաջնահերթ ցուցակում։ ՊՆ և այրու միջև 29.06.2012թ. կնքվել է թիվ 2/1 պայմանագիրը, որի հիման վրա վերջինիս փոխանցվել է  21.115.000 ՀՀ դրամ՝ բնակարան ձեռք ձերելու համար։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված գումարից 2 մլն դրամ որպես կաշառք է տրվել պաշտոնատար անձ հանդիսացող, ՊՆ բաժանմունքի պետին՝ նշված անձանց օգտին գործողություններ կատարելու համար։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Միջոցներ են ձեռնարկվում՝ բաժանմունքի նախկին պետին հայտնաբերելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։