կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-22 17:16
Քաղաքական

Դեպքեր են եղել, երբ ԲՀԿ-ի դիրքորոշումները չեն համընկել Բաբայանի անձնական դիրքորոշման հետ

Դեպքեր են եղել, երբ ԲՀԿ-ի դիրքորոշումները չեն համընկել Բաբայանի անձնական դիրքորոշման հետ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նորմալ է գնահատում իրենց մամուլի խոսնակ Վահան Բաբայանի հրաժարականի փաստը: Այսօր Ազգային ժողովում նա լրագրողներին ասաց, որ կան ներկուսակցական խնդիրներ, և Բաբայանը չի ցանկանում այլևս շարունակել խոսնակի պարտականությունները: Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ իրենք առաջիկայում կներկայացնեն իրենց նոր խոսնակին:

«Վահան Բաբայանը մեր գործընկերն է, որևէ այլ տարաձայնություն, բացի մի քանի խնդրներից՝ զուտ խոսնակի պարտականությունների հետ կապված, մենք չունենք, այնպես որ` առաջիկայում մենք կներկայացնենք նոր խոսնակին»,- նշեց ԲՀԿ ղեկավարը:

Yerkir.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Բաբայանը ԲՀԿ-ն լքի, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես նման տրամադրություն բացարձակ չեմ տեսել: Այդ հարցերը պետք է տաք Վահան Բաբայանին: Նման խնդիր ԲՀԿ-ում չի քննարկվել, խոսքը բացառապես վերաբերել է մամուլի խոսնակի պարտականությունների հետ կապված որոշակի խնդիրների»:

Դիտարկմանը, թե ասում են՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ մտնել-չմտնելու հետ է պայմանավորված Վահան Բաբայանի հրաժարականը, նա արձագանքեց «Ես պատասխանեցի, թե պատճառը իրականում որն է: Դուք ինձանից չեք ստանալու այլ պատասխան, դրանք մեր ներկուսակցական խնդիրներն են, և բացարձակապես կոռեկտ չի լինի, եթե մեր կուսակցության ներքին խնդիրները ես քննարկեմ մամուլի հետ: Ի վերջո, կարծում եմ նաև՝ կայացնելով նման որոշում, Վահան Բաբայանը հնարավորություն կունենա այսուհետ շատ ավելի ազատորեն ներկայացնելու իր անձնական տեսակետը այս կամ այն հարցի վերաբերյալ»:

Մեր հարցին` Բաբայանը ճնշվա՞ծ էր ԲՀԿ-ում` մամուլի խոսնակի դերում լինելով, Զոհրաբյանը պատասխանեց. «Բացարձակապես` ոչ, բայց եղել են դեպքեր, երբ կուսակցության դիրքորոշումները չեն համընկել մեր գործընկերոջ անձնական դիրքորոշման հետ, բայց կարծում եմ՝ մենք պետք է հարգենք նրա դիրքորոշումը: Ես անձամբ հարգանքով եմ վերաբերվում նրա որոշմանը»: