կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-15 12:55
Հասարակություն

Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային ճանապարհով լուծել խնդիրը

Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային ճանապարհով լուծել խնդիրը

Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ ԼՂՀ հիմնախնդրին:

Մասնավորապես` պատասխանելով այն հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ 2016-ին ԼՂ հակամարտության կսրվի՝ ընդհուպ մինչև պատերազմ, Վաղարշակ Հարությունյանը նախ նշեց, որ աշխարհում ռազմաքաղաքական հարաբերությունները տանում են նրան, որ գնալով կսրվեն հակամարտությունները, հատկապես` մեր տարածաշրջանում:

Նրա համոզմամբ՝ եթե համեմատենք մեր և Ադրբեջանի ռազամական ներուժն ու ռազմական բալանսը, ապա կարելի է վստահաբար ասել, որ Ադրբեջանը չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ ու հասնել արդյունքի: Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանը ստիպված է իր ռազմական բյուջեն բաժանել երեք ուղղությամբ, բացի այդ` ռազմական ոլորտում արդյունավետ չի օգտագործում իր ֆինանսական միջոցները: Եվ եթե Հայաստանը զենքը ձեռք է բերում էժան գնով, ապա Ադրբեջանը` շուկայական գներից մի քանի անգամ բարձր գներով:

Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային ճանապարհով լուծել խնդիրը, սակայն չի կարող լայնածավալ պատերազմում հասնել հաջողության, բացի այդ` տարածաշրջանային ռազմաքաղաքական վիճակը հօգուտ Ադրբեջանի չէ:

«Մի տասը օր առաջ նրանց պաշտպանության նախարարն ասաց՝ ամեն ինչ կանենք, որ հայ մայրերը ստանան իրենց երեխաների դագաղները: Այդ հայտարարություններով Ադրբեջանը ցանկանում է վախի մթնոլորտ ձևավորել Հայաստանում ու Արցախում: Բայց մեր բանակն ուժեղանում է»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են լուրերն այն մասին, որ ՀԱՊԿ նախագահ Բորդյուժային փոխարինելու է ինքը: Վաղարշակ Հարությունյանը ո\'չ հերքեց, ո\'չ հաստատեց` ասելով. «Կադրային հարցերը չեմ մեկնաբանում»:

Նա միայն ասաց, որ ռոտացիոն կարգով ՀԱՊԿ նախագահի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակվելը որոշակիորեն դրական կանդրադառնա Հայաստանի շահերի վրա: