կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 12:42
Իրավական

«Դոլմամա»-ի օտարման պահանջի վերաբերյալ գործի քննությունը վերսկսվեց

«Դոլմամա»-ի օտարման պահանջի վերաբերյալ գործի քննությունը վերսկսվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանն այսօր պետք է հրապարակեր «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ն ընդդեմ «Դոլմամա» ռեստորանի սեփականատերեր Ժիրայր Ավանյանի» գործով վճիռը, սակայն դատարանը որոշում կայացրեց վերսկսել քաղաքացիական գործի քննությունը: Դատարանը հայտնեց, որ, ուսումնասիրելով «Դոլմամա»-ի օտարման պահանջի վերաբերյալ գործի նյութերը, հանգել է այն հետևության, որ անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել ապացույցները, գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Նշենք, որ ներկայումս հիշյալ դատարանում Պուշկինի միևնույն հասցեում գտնվող 4 տարբեր անշարժ գույքերի օտարման վերաբերյալ 4 հայց է քննվում: Դեռևս 2008-ի օգոստոսին, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, Պուշկինի 8 և 10 հասցեում գտնվող տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռք բերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռք բերման գործընթաց և տարածքի կառուցապատման հետ կապված որևէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երևանի քաղաքապետարան:

Այսօրվա դատական նիստին ներկայացել էր միայն «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը, ով միջնորդեց հետաձգել գործի քննությունը, որպեսզի կարողանա ներկայացնել Ավանյանի շահերը և լսել նաև պատասխանող կողմի դիրքորոշումը:

Նշենք, որ հայցվոր կողմը պահանջում է հիշյալ տարածքներն օտարել հօգուտ Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ի:

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ իրենց դիրքորոշումն այն է, որ վիճելի տարածքում հնարավոր է շինարարություն իրականացնել ՝ առանց հին շենքերը քանդելու: «Պարոն Ավալյանը ճարտարապետներին պատվիրել է նախագիծ, համաձայն որի` հնարավոր է շենքերը պահպանել»,- մի քանի լրագրղների հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ իրենց թիրախը ոչ թե դատարանն է, այլ կառավարությունը: