Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԽ Խորհրդարանական վերաժողովն այսօր մի կողմից չընդունեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած` «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ հակահայկական բանաձևի նախագիծը, սակայն, մյուս կողմից, ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի պատվիրակ Միլիցա Մարկովիչի ներկայացրած` «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձևը: ԵԽԽՎ-ն երկակի ստանդարտներ կիրառեց՝ հարվածելով թե\' հայկական և թե\' ադրբեջանական «նալին»` չբավարարելով երկու կողմերի ամբողջական ակնկալիքները: Այս մոտեցումը, սակայն, ավելի շատ բխում էր Հայաստանի, քան Ադրբեջանի շահերից:
Նախ՝ բանաձևերը «հաղթանակել էին» Վեհաժողովի լիագումար նիստում քննարկմանը նախորդող բոլոր փուլերում: Մինչև վերջին պահը վստահություն չկար, որ Ադրբեջանը չի հաջողելու նաև եզրափակիչ, այսինքն` բանաձևի նախագծի քվեարկության փուլում: Երկու բանաձևերի քվեարկության ժամանակ բաշխված կողմ և դեմ ձայների բավականին մոտ հարաբերակցությունը մատնում էր կուլիսներում ծավալված դիվանագիտական պատերազմը: Եվ գոնե այնքանով, որ բանաձևերից մեկը չընդունվեց խոստումնալից ընթացքից հետո, կարելի է ասել, որ հայկական կողմը կարողացավ տանել դրվագային հաղթանակ:
Երկրորդ՝ ԵԽԽՎ-ն փաստացի չընդունեց այն բանաձևը, որը քաղաքական ավելի մեծ ազդեցություն էր ունենալու ԼՂ հիմնախնդրի կարգավորման պրոցեսի վրա, և որի հետ Բաքուն կապում էր հիմնական հույսերը: «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձևը ոչ միայն ԼՂ-ն ճանաչում էր Ադրբեջանի մաս, այսինքն` կանխորոշում էր ԼՂ-ի կարգավիճակը կամ պարտադրում Հայաստանին` դուրս բերել զինված ուժերը ԼՂՀ-ից՝ Հայաստանին փաստացի բնորոշելով որպես ագրեսոր, այլև պարարտ հող էր նախապատրաստում Բաքվի համար՝ ավելի ինտենսիվացնելու ջանքերն ու նախաձեռությունները կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից դեպի ԵԽ դաշտ տեղափոխելու ուղղությամբ:
Իհարկե, հակահայկական ձևակերպումներ կային նաև ԵԽԽՎ-ի կողմից ընդունված՝ Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձևում, որն իրականում ուոլթերյան վերոնշյալ բանաձևի տրամաբանական շարունակությունն էր: Սակայն որքան էլ այն քաղաքականացված էր, ուներ հումանիտար-սոցիալական նշանակություն և ուղղվածություն: Եվ թերևս հենց այդ հանգամանքը նկատի առան ԵԽԽՎ պատվիրակները ոչ թե Ուոլթերի, այլ հենց Մարկովիչի բանաձևն ընդունելիս:
Չնայած այս իրողությանը՝ հայկական կողմի հաջողությունը զուտ դրվագային է և ուրախանալու առանձնապես մեծ առիթ չի տալիս: Ուոլթերի բանաձևի նախագծի տապալումը բացարձակապես չի երաշխավորում, որ Ադրբեջանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում նմանատիպ նոր նախաձեռնություններով հանդես չի գալու: Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձևի ընդունումն ինքնին արդեն հուշում է, որ հումանիտար-քաղաքական ոլորտում Ադրբեջանը փորձելու է զարգացնել այդ հաջողությունը՝ ներկայացնելով այդ բանաձևի տրամաբանությունից բխող նոր առաջարկներ:
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման բուն գործընթացին, ապա դեռևս ուժի մեջ է մնում 2005-ին նույն ԵԽԽՎ-ի կողմից ընդունված` հիմնաքարային 1416 բանաձևը, որի հակահայկական ձևակերպումներին ու պահանջներին իր բանաձևում հղում էր կատարել Ռոբերտ Ուոլթերը: Քանի դեռ ԵԽ-ում հայկական պատվիրակության համար իսկական մղձավանջի վերածված հակահայկական 1416 բանաձևը շարունակում է ուժի մեջ մնալ, Ադրբեջանը միշտ հնարավորություն է ունենալու, դրա վրա հենվելով, նորանոր նախաձեռնություններ իրականացնել: Այդ բանաձևը գործիք է նաև ԵԽ-ի համար՝ ԼՂ հարցին միջամտության փորձերով իր քաղաքական նշանակությունը բարձրացնելու տեսանկյունից: Եթե նկատի ունենանք, որ այս նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Իսպանիան ներկայացնող և իր պրոադրբեջանական կեցվածքով հայտնի Պեդրո Ագրամունդը, պարզ է դառնում, որ ԵԽԽՎ-ում պատերազմները ոչ թե ավարտվում են, այլ ընդամենը թևակոխում են նոր փուլ: Հիմա, իբրև հենակետ, ավելանում է նաև Սարսանգի ջրամբարի մասին բանաձևը:
Մյուս կողմից` Ուոլթերի բանաձևի տապալման հիմնական պատճառն անցած ուրբաթ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդունած համատեղ հայտարարությունն էր, որով բանաձևերի հնարավոր ընդունումն անուղղակիորեն որակվում էր որպես ԵԽ-ի կողմից Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի մանդատի նկատմամբ ոտնձգություն: ԵԽԽՎ-ն, այս իմաստով, ընտրեց չափազանց ճկուն տարբերակ: Մի կողմից ցույց տվեց, որ ՄԽ-ի մանդատի «տարածք» մտնելու հավակնություն չունի, մյուս կողմից վերահաստատեց պրոցեսի նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու` իր կամքը: Սա կարելի է նույնացնել ՄԽ-ին «դեղին քարտ» ցույց տալու հետ. ԵԽԽՎ-ն հասկացնում է, որ ոչ միայն անբավարար է համարում ԼՂ կարգավորման հարցում ՄԽ-ի արդյունավետությունը, այլև պատրաստ է նրա ձախողման դեպքում ստանձնել կարգավորման պրոցեսի տնօրինման գործառույթը: «Կարմիր քարտ» ստանալուց խուսափելը ՄԽ-ի հաղթանակն էր: Հայաստանը պարզապես օգտագործեց իր հեղինակությունը` փրկելու ՄԽ-ի ցանկությունը, ինչը դիվանագիտական ճկունության տեսանկյունից, իհարկե, քիչ բան չէր:
Պարզ է, սակայն, որ այս խաղաքարտից ամեն անգամ օգտվել հնարավոր չի լինելու, եթե պաշտոնական Երևանը կտրուկ չփոխի իր քաղաքականությունը ԵԽԽՎ-ի հանդեպ և պաշտպանողական մարտավարությունը չփոխարինի հարձակողական, նախաձեռնողական մարտավարությամբ՝ օգտագործելով Բաքվի բոլոր խոցելի կողմերը: Այս իմաստով` Ուոլթերի բանաձևի տապալումն ու դրան ուղղված գերակտիվ դիվանագիտական ջանքերը որոշակի նշաձող են սահմանում: Դրանից ցածր ցանկացած արդյունք այլևս հասկանալի չի կարող լինել: Դա ջարդում է ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» ամենազորության, անհաղթահարելիության միֆը՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը պարզապես զրկելով պաշտոնական Երևանի հնարավոր դիվանագիտական անգործությունն ու անփութությունը հետագայում այդ միֆով արդարացնելու հնարավորությունից:
Գևորգ Դարբինյան