կարևոր
3535 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-20 15:58
Աշխարհ Արցախ

Սարաևոյից-Արցախ. արևմտյան հերթական երկակի ստանդարտները

Սարաևոյից-Արցախ. արևմտյան հերթական երկակի ստանդարտները

Արդեն 9-րդ օրն է, ինչ Արցախը և Արցախում ապրող 120 հազարից ավել մարդ հայտնվել է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից, որը փակել է Հայաստանին կապող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի-Քարինտակ հատվածը:

Չնայած Հայաստանում և տարբեր երկրներում հայության բարձրացրած բողոքի ձայնին` «մարդասիրությամբ և ժողովրդավարությամբ հայտնի» Արևմուտքը մինչ օրս ոչ մի էական արձագանք չի տալիս տեղի ունեցողին և լուռ հետևում է այս ձմեռ Ռուսաստանի փոխարեն ԵՄ-ին գազով ապահովող Ադրբեջանի կողմից իրականացվող հակամարդկային ապօրինություններին:

1992-96 թթ. Հարավսլավիայում սկիզբ առած զինված հակամարտության շրջանակներում սերբերը շրջափակել էին ներկայիս Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոն, որի պատճառը ԲՀ-ի անկախության ճանաչումն էր, որի հետևանքով հարյուր հազարավոր սերբեր ճանաչվեցին փոքրամասնություն իրենց հայրենիքում. քաղաքում բարիկադներ դրվեցին և սկսվեցին բախումներ սերբերի և բոսնիացիների միջև:

Այդ ժամանակ, 1991 թ. մարդահամարի տվյալներով Սարաևոյում ապրում էր մոտ 500 հազար մարդ (պատերազմի հետևանքով բազմահազար քաղաքացիներ լքել էին իրենց տները), որոնք կտրվել էին արտաքին աշխարհից, սակայն սերբերը, մարդասիրական նպատակներով, քաղաքի օդանավակայանը հանձնեցին ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմին:

Չնայած դրան, կոլեկտիվ Արևմուտքը ամեն հնարավոր միջոցներով ազդում էր իրավիճակի վրա` ճնշում գործադրելով սերբերի վրա: 1995 թ. օգոստոսին ՆԱՏՕ-ն որոշեց անմիջականորեն ներգրավվել հակամարտությանը և սկսեց «Կանխամտածված ուժ» ռազմական գործողությունը` հարվածներ հասցնելով բոսնիացի սերբերի դիրքերին:

Միջազգային ճնշման պայմաններում 1996 թ. փետրվարին շրջափակումը վերացավ:

Ամեն պատեհ առիթով համամարդկային արժեքներից խոսող Արևմուտքը Սարաևոյի դեպքերից գրեթե 30 տարի անց, մի կողմ թողնելով իր որդեգրած արժեքները, աչք է փակում «քաղաքակիրթ» Եվրոպայի քթի տակ տեղի ունեցող մարդասիրական աղետի վրա:

Եվրոպան, հերթական անգամ ի ցույց է դնում իր երկակի ստանդարտները, իսկ Հայաստանում շարունակում են որպես փրկօղակ տեսնել Հայաստանն ու Արցախը երկրորդ-երրորդական հարց համարող Արևմուտքին:

Նյութը` Yerkir.am-ի