կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-18 16:02
Մշակույթ

Թե ինչ եղավ, երբ Փարիզում արգելեցին չադրա կրելը

Թե ինչ եղավ, երբ Փարիզում արգելեցին չադրա կրելը

Շարլոթ Շոյլուի «Բոլոր հնարավոր միջոցներով» կարճամետրաժ ֆիլմը մասնակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Ֆիլմն ընդգրկված է փառատոնի «Կորիզ» ծրագրում:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շոյլուն նշեց, որ ֆիլմը հիմնված է անձնական փորձի վրա. 2010-ին Փարիզում օրենք է ընդունվում, ըստ որի` արգելվում է տեղում մահմեդական կանանց դեմքը ծածկող գլխաշոր` նիքաբը: Այդ ժամանակ, ռեժիսորի հավաստմամբ, շուրջ 20 000 մարդ է դուրս եկել բողոքի ակցիայի:

 

«Ֆիլմում նկարահանել եմ թե՛ մուսուլմաններ, թե՛ ոչ մուսուլմաններ, որպեսզի ցույց տամ, թե ինչպես է կոնֆլիկտը զարգանում նրանց միջև: Փորձել եմ հերոսուհուս միջոցով ներկայացնել, թե ինչ է զգում մարդը, ով պարտավոր է ծածկել իր դեմքը: Ֆիլմի գլխավոր դերակատարը մի կերպար է, ով հասկացված չէ հասարակության կողմից, բայց կարողանում է փոխել հասարակության կարծիքն իր հանդեպ»,- ասաց ռեժիսորը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ նախորդ տարի, երբ ֆիլմը մասնակցում էր Կաննի կինոփառատոնում, ինքը չադրայով է ներկայացել կինոփառատոնին, որից հետո իրեն ձերբակալել են: Այս փաստը, սակայն, ամենևին էլ չի մտահոգում Շոյլուին, կարևորն այն է, որ ասելիքը տեղ է հասել:

 

«Կարծում եմ` շատ են դատում նրանց, ովքեր թաքնված են քողի հետևում, այն փաստը, որ կինը ծածկում է դեմքը, առիթ չպետք է տա նրա մասին ինչ-որ կարծիք կազմելուն: Ֆիլմն, ի դեպ, կատակերգության ժանրի մեջ եմ ներկայացրել, և երբ այն թուրքական կինոփառատոներից մեկի շրջանակներում ցուցադրվեց Թուրքիայում, տեղացիները ծիծաղում էին, որի համար շատ ուրախ եմ»,- ասաց ռեժիսորը: