կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-16 17:02
Իրավական

Մեկնարկեց Իջևանի նախկին պաշտոնյաների և ռեստորանի սեփականատիրոջ գործով վերաքննիչ բողոքի քննությունը

Մեկնարկեց Իջևանի նախկին պաշտոնյաների և ռեստորանի սեփականատիրոջ գործով վերաքննիչ բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մեկնարկեց նախորդ տարվա ապրիլին «Իջևանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով վերաքննիչ բողոքների քննությունը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով` Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը դատապարտվել էր 5, ոստիկանության Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանը՝ 4, իսկ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանը՝ 6,5 տարվա ազատազրկման: Ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը: Մասնավորապես` Անդրանիկ Ազիբեկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց ՀՀ քր. օր-ի 308 հոդ. 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում հռչակել Անդրանիկ Ազիբեկյանի անմեղությունը, նրան ճանաչել անպարտ և արդարացված, կամ Անդրանիկ Ազիբեկյանի արարքին տալ քրեաիրավական ճիշտ գնահատական և նրա նկատմամբ նշանակել տվյալ արարքի համար ՀՀ քր.օր-ի համապատասխան հոդվածով նախատեսված նվազագույն պատժաչափը, իսկ եթե տվյալ պատժաչափը լինի ազատազրկման ձևով պատիժը, ապա նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել`սահմանելով փորձաշրջան: Վերը նշված խնդրանքները բավարարելը անհնարին համարելու դեպքում բեկանել դատավճիռը և այն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Անդրանիկ Խոջումյանի պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի մասով քրեական գործի վարույթը կարճել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Արտակ Ավետյանի պաշտպանը միջնորդեց Ավետիսյանին ճանաչել անպարտ և արդարացնել` նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով, վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել, կամ Արտակ Ավետիսյանին ազատազրկման ձևով նշանակված պատիժը մեղմացնել, պատիժ նշանակելու դեպքում օրենքով սահմանված կարգով ավելի մեղմ պատիժ նշանակել կամ հոդվածի սանկցիայով նախատեսվածի նվազագույնը` միաժամանակ նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով համապատասխան ժամկետով փորձաշրջան: