կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-13 23:15
Հասարակություն

Ո՞վ պետք է պահանջի հայկական տարածքները Թուրքիայից

Ո՞վ պետք է պահանջի հայկական տարածքները Թուրքիայից

Նոր տեղեկացա Սերժ Սարգսյանի խիստ հետաքրքիր հարցազրույցի մասին, որ նա տվել էր թուրքական «Հյուրիեթ» թերթի լրագրող Ջանսու Չամլիբելին 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում: Հոդվածը թաղվել էր լրատվական հեղեղի մեջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  ոգեկոչման միջոցառումների օրերին:

 Ահա կարևոր հատվածներ նախագահ Սարգսյանի ընդարձակ հարցազրույցից, որը հրապարակվել է «Թըրքիշ դեյլի նյուս»-ում՝ «Հյուրիեթ» թերթի անգլերեն տարբերակում.

- Նախագահն արդարացիորեն նշել է, որ «Թուրքիայի ղեկավարության զգացմունքային և ոչ դիվանագիտական բնույթի արձագանքը (Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության ճանաչմանը) ևս մեկ ապացույց էր, որ Թուրքիան շարունակում է իր բացահայտ ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ իր վրա վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված ոճրագործության պատասխանատվության բեռը»:

- «ԱՄՆ-ը որպես գերհզոր տերություն և ժողովրդավարական արժեքների ջատագով բազմաթիվ առիթներով հայտնել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ 51 նահանգներից 44-ն ընդունել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պատմության ընթացքում ամերիկյան տարբեր նախագահներ, օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջերալդ Ֆորդը, հայ ժողովրդի նկատմամբ կոտորածները բնորոշել են որպես ցեղասպանություն: Նույնիսկ ԱՄՆ այն նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում չեն կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործել են իրենց նախընտրական արշավներում: Դա նշանակում է, որ նրանք երբեք կասկածի տակ չեն դրել կատարվածի հավաստիությունը և միայն քաղաքական որոշ նկատառումներից ելնելով խուսափել են արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը»: Մինչ նախագահ Սարգսյանը ճիշտ բնութագրել է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից, նրա պատասխանում կային մի քանի անճշտություններ. Միացյալ Նահանգներն ունի ոչ թե 51, այլ 50 նահանգ, և Ջերալդ Ֆորդը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է որպես կոնգրեսական՝ ոչ որպես նախագահ:

 - «Թուրքիայի առաջարկը, ստեղծել այսպես կոչված պատմաբանների հանձնաժողով, հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ձգձգել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ ոճրագործությունից: Սա ոչ միայն մեր տեսակետն է, այլ նաև միջազգային հանրության, որը շարունակաբար ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: (Հայ-թուրքական) Արձանագրությունում չկա դրույթ պատմության ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու մասին: Արձանագրության համապատասխան կետով երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսություն պետք է իրականացվի, որի համար էլ նախատեսվում էր ենթահանձնաժողովի ստեղծում: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը տարբեր մակարդակներով բազմիցս շեշտել է նաև թուրքական կողմին, որ Ցեղասպանության փաստը որևէ դեպքում կասկածի տակ չի կարող դրվել»: Նրանք, ովքեր դեմ էին Արձանագրություններին, այդ թվում նաև այս հոդվածի հեղինակը, վաղուց առաջ էին քաշում համանման առարկություններ:

- «Արդեն վեցերորդ տարին է, ինչ ստորագրվել են արձանագրությունները. ե՞րբ է հարմար պահը (վավերացնելու).... Անցած տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան ոչ թե հարմար պահի է սպասում, այլ փորձում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իմիտացիա ստեղծելու միջոցով կանխել միջազգային հանրության հստակ դիրքորոշման արտահայտումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով ճանաչումները ներկայացնել իբրև խոչընդոտ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին: Իմ նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հետապնդում էր միայն մեկ պարզ նպատակ՝ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել Եվրոպայի վերջին փակ սահմանը՝ ապահովելով մեր ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ գոյակցությունը: Ցավոք, Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները, ժխտողականության նոր դրսևորումները և Ադրբեջանի անհիմն պահանջներին հագուրդ տալու նպատակով նախապայմանների շարունակաբար արծարծումը խափանեցին այդ արձանագրությունների կյանքի կոչումը.... Վեց տարի չարդարացված սպասումներից հետո ես որոշեցի հետ կանչել դրանք խորհրդարանից: Մի առիթով ես ասել եմ, որ հայ ժողովուրդը հավերժ չի պատրաստվում սպասել, թե երբ Թուրքիայի իշխանությունները կբարեհաճեն հարմար պահ գտնել և ի վերջո վավերացնել դրանք»: Իմ կարծիքով, Հայաստանի արգործնախարարը պետք է անհապաղ հետ կանչի իր ստորագրությունը Արձանագրությունների տակից և դրանք չեղյալ հայտարարի:

- «Հայաստանի Հանրապետությունը, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և այսօր չկա: Սա հստակ դիրքորոշում է»:

Նախագահ Սարգսյանի վերջին պատասխանը անուշադիր ընթերցելու դեպքում, հավանաբար կարող է սխալ հասկացվել: Նա չի ասում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից, բայց չի էլ ասում, որ չունի... Հայաստանը պարզապես այս հարցը պաշտոնապես չի բարձրացրել, քանի որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ ազգային անվտանգության վրա արևմտյան սահմանում նրա հզոր և թշնամի հարևանի կողմից: Կուսակցությունները, կազմակերպությունները և անհատները, ինչպես նաև այս տողերի հեղինակը, հաճախ են խոսում Թուրքիայից տարածքային պահանջների մասին, սակայն հասկանալի է, որ Հայաստանի առաջին դեմքը պետք է շատ ավելի զուսպ լինի իր հրապարակային հայտարարություններում:

 Նախագահ Սարգսյանը մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ հայկական տարածքների պահանջը թողնում է գալիք սերունդներին, ինչը նշանակում է, որ Հայաստանը իսկապես տարածքային պահանջներ ունի Թուրքիայից...

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի