կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 17:43
Հասարակություն

Ադրբեջանը չափից դուրս անկեղծ է...

Ադրբեջանը չափից դուրս անկեղծ է...

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանին առկա լարվածության ֆոնին հայկական կողմի դիրքորոշմանը, նախագահ Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ում հնչեցրած կոշտ հայտարարություններին:

Մեր հարցին, թե ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որը վերաբերում էր զինադադարի նոր պայմանագրի կնքման անհրաժեշտությանը, Ադրբեջանի այսպիսի ապակառուցողական գործելաոճի շարունակության դեպքում, ենթադրո՞ւմ է, արդյոք, այդ զինադադարի կնքման պարտադրանք Ադրբեջանին, Բաբայանը պատասխանեց. «Սա ուղղակի կարծիք է, և ժամանակը ցույց կտա: Կարծում եմ, որ ներկա դրությամբ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը հարգի անժամկետ զինադադարի` արդեն իսկ կնքված պայմանագիրը: Ներկա դրությամբ ամենակարևորն այն է, որ Բաքվին թույլ չտանք, որ ագրեսիա դրսևորի: Միջազգային հանրությունն, իր հերթին, պետք է ամեն ինչ անի, որպեսզի Բաքուն հարգի 1994 թվականի մայիսի 12-ին կնքված` զինադադարի պայմանագիրը»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, որում հորդորում է Հայաստանին` ընդունել Ադրբեջանի հրապարակային կոչերը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անկեղծ բանակցային գործընթաց ծավալելու վերաբերյալ, որը կարող է հանգեցնել տևական, խաղաղ կարգավորման, Բաբայանը նշեց. «Մենք կողմ ենք անկեղծ բանակցային գործընթացին: Պետք է նշեմ, որ Ադրբեջանը, առհասարակ,  շատ անկեղծ է իրեն պահում, շատ անկեղծ, չափից դուրս անկեղծ, որովհետև չի թաքցնում իր նպատակները, ասում է, որ Երևանն էլ է իրենցը, որ ազատագրելու են, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանը, որ Ղարաբաղն իրենցն է, որ իրենց դրոշը ծածանվելու է Շուշիում, Ստեփանակերտում… Սա նրանց անկեղծությունն է: Հիմա այդպիսի՞ անկեղծության մասին է, արդյոք, խոսքը: Պետք է անկեղծության բովանդակությունը փոխվի, և սրա վրա պետք է հիմնական շեշտը դրվի»:

Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ում ունեցած կոշտ ելույթի մասին` ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ Սարգսյանի նման դիրքորոշումը պահանջված էր: «Ի վերջո,  միջազգային ամենակարևոր հարթակում պետք է հնչի Հայաստանի դիրքորոշումը: Մենք ունենք հակառակորդ, որը կոպտորեն խախտում է բոլոր միջազգային իրավունքները, միջազգային մարդասիրական իրավունքները, բարոյական նորմերը: Եթե այդ հարթակում անկեղծ մեսիջներ չուղարկենք, կարծում եմ, որ սխալ կլինի, և Հայաստանի նախագահը նման մեսիջներ ուղարկել է»:

Բաբայանը հավելեց, որ պետք է  հարգել միջազգային նորմերը: «Միջազգային նորմերին համապատասխան է եղել ԼՂՀ հռչակումը և, ընդհանրապես, Ղարաբաղյան շարժումը: Պարզապես պետք է հարգել այդ նորմերը, որպեսզի ամեն ինչ լինի դյուրին ձևով»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: