կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-24 17:14
Մշակույթ

Եթե այդքան վատ եք մտածում Արմենչիկի մասին, ինչո՞ւ եք վազում համերգին. Ձախ Հարութ

Եթե այդքան վատ եք մտածում Արմենչիկի մասին,  ինչո՞ւ եք վազում համերգին. Ձախ Հարութ

«Մարդիկ շատ վաղուց ինձ հարցնում էին` որևէ կոչում ունե՞ք, ես էլ պատասխանում էի` ի՞նչ է կոչումը, իմ կոչումը ժողովուրդը վաղուց է տվել»,- «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը` անդրադառնալով իր` նախագահի կողմից վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու փաստին:

Նա նշեց, որ 50 տարի է` բեմում է և իր հանապազօրյա հացը վաստակում է երգելով: «Երբ լսեցի, որ կոչման եմ արժանացել, անակնկալ չէր ինձ համար, սպասում էի: Իհարկե, շատ հաճելի է ընդունված լինել ժողովրդի կողմից, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կառավարական շրջանակները, մշակույթի նախարարությունը երբ ներկայացնում են քեզ, ուրեմն ինչ-որ մի աստիճան ավելի բարձր ես կանգնած, և դա ինձ ուրախացնում է»,- ասաց երգիչը:

Հարցին, թե արդյո՞ք իրեն վատ չի զգում, որ Արմենչիկի հետ միասին է ստացել ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, պատասխանեց, որ վատ զգալու ոչ մի բան չկա, քանի որ ամեն մարդ իր հանդիսատեսն ունի: «Մենք ընկերներ են, ձայնագրություններ ենք արել միասին, ապրում ենք նույն քաղաքում: Զարմացա, որ այսքան քննարկվեց այդ թեման. ինչ մտածում են` ասում են: Եթե այդքան վատ եք մտածում իր մասին, բա որ համերգ է տալիս, ինչո՞ւ եք վազում` տոմս գնելու: Բոլորը գնում-լցվում են դահլիճ, տոմսերը մինչև վերջ ծախված են լինում»,- ասաց երգիչը:

Ձախ Հարութի կարծիքով` Արմենչիկը երգեր ունի, որոնք ինքն, իրոք, չի ընդունում, բայց երգեր կան, որ իսկապես լավ է կատարում: «Օրինակ` «Անցիր, այ գետակ»-ը, որ մենք միասին ենք երգում: Եթե նրան լսող կա, ուրեմն մի բան արել է այդ տղան, հո չենք կարող ասել, որ ոչ մի բան չի արել: Երգեր կան, որ ես էլ չեմ ընդունում, բայց կան երգեր, որ ռաբիս չեն»,- ասաց նա: