Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ մի տեսանյութ է հրապարակվել, որում երգիչ Արմենչիկը օգնություն էր բաժանում զինվորներին: Զինվորներին շարք են կանգնեցրել, նրանք հերթով մոտենում ու ստանում են ինչ-որ տոպրակներ, իսկ Արմենչիկը ուշադիր հսկում է` նկարահանվում է, չէ՞:
Yerkir.am-ի հետ զրույցում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց, որ նման իրավիճակից ոմանք ուզում են որոշակի դիվիդենդներ քաղել:
«Մեր բանակը ողորմության կարիք չունի, իսկ օգնությունն այլ բան է. օգնությունն արվում է անհեղինակային, նույնիսկ` ծածուկ, այս ցուցադրաբար արարքը վիրավորական է բանակի համար: Հրամանատարը պետք է ծեծելով քշեր նրան: Կարծում եմ` շատ կարևոր է, որպեսզի մեր հրամանատարական կազմը հասկանա, թե ինչ է նշանակում սպայի պատիվ: Եղբա'յր, եթե դու զբաղվում ես այսինչ գործով, պետք է համապատասխանես այսինչ չափանիշներին: Սպայական պատիվն այն է, որ երբ հանդիպում ես կնոջ, գլխարկդ հանում ես, առաջինը կերակրում ես զինվորներին, հետո` դու սնվում… Սա արժանապատվության հարց է, իսկ բանակը մեր երկրի կարևորագույն մասերից մեկն է, և միայն արժանապատվություն ունեցող բանակը կարող է հաղթել թշնամուն»,-ասաց Բաբայանը ու հավելեց, որ արժանապատվությունն աբստրակտ հասկացություն չէ, և ով, եթե ոչ սպան պետք է առաջին հերթին ունենա այն և զինվորներին սովորեցնի, թե ինչ է զինվորական արժանապատվությունը:
«Իսկ նման քայլը հակադաստիարակություն է: Ուզում ես ինչ-որ բան բաժանել` հանձնիր, կտանեն կբաժանեն, ոչ էլ անունդ կտան, բայց` ոչ, քեզ այդ բաժանելը հետաքրքրում էր այնքանով, ինչքանով դու կերևաս էկրաններին»,- նշեց մեր զրուցակիցը:
Բաբայանը նշեց նաև, որ այստեղ ԶԼՄ-ների դերը շատ կարևոր է, ԶԼՄ-ները պետք է երևույթին իրական գնահատականը տան, որպեսզի հաջորդ անգամ չհամարձակվեն նման քայլի դիմել: «Մենք ունենք արժանապատիվ պետություն և նրա բոլոր օղակները շատ արժանապատիվ են, առավել ևս` բանակը»,- իր խոսքն ամփոփեց նա: