կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-22 14:20
Հասարակություն

Ռուբեն Հայրապետյանը բանուգործ չունի, պտի ընգնի, ծեծի՞. Շմայս

Ռուբեն Հայրապետյանը բանուգործ չունի, պտի ընգնի, ծեծի՞. Շմայս

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Նշենք, որ նա և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, մարտական ընկերներ են: Այդ մասին ժամանակին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր հենց ինքը՝ Սմբատ Հակոբյանը (տեսանյութը՝ այստեղ): 

Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու մասին, Առաքել Մովսիսյանը նշեց, որ ինքը չի ընդունում ծեծի տարբերակը, բայց Սմբատ Հակոբյանը պետք է պարզի` ով է իրեն ծեծել:

«Բայց ո՞վ ա ծեծել իրան: Եթե տարբեր տեսակետներ կան, ինքը պտի իմանա` իրան ով ա ծեծել: Սմբոն, հա, մեր մարտական ընկերն ա, բայց ինքը պտի իմանա, թե իրան ով ա ծեծել: Ինձ հետ էլ ա եղել դեպքեր, որ իմ հետ վիճաբանություն ա եղել, քիչ ա մնացել` ծեծեն: Սմբոն պետք ա պրիչինն իմանա, հենց ընենց ոչ մի բան չի լինում, պետք ա գտնի, թե ով ա: Իհարկե, չեմ ընդունում, որ իրան ծեծել են, բայց ո՞վ ա ծեծել»,- ասաց Մովսիսյանը:

Երբ պատգամավորին տեղեկացրեցինք, որ քիչ առաջ ազատամարտիկը հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ իրեն ծեծի ենթարկողը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի նախկին աշխատակից Տիգրանն է եղել, որին երկար ժամանակ է` ինչ ճանաչում է, պատգամավորը վրդովված հայտարարեց. «Էլ բանուգործ չունեք, ընկել եք Ռուբեն Հայրապետյանի հետևի՞ց: Մենք ամբողջ օրը իրար հետ ենք էլե, Ռուբեն Հայրապետյանի հետ եմ էլե, ի՞նչ եք ստից բաներ խոսում: Ռուբեն Հայրապետյանը բանուգործ չունի, պտի ընգնի, ծեծի՞»:

Ըստ Մովսիսյանի` եթե խոսքը Ռուբեն Հայրապետյանի նախկին աշխատակցի մասին, ուրեմն Հայրապետյանն այս պարագայում կապ չի կարող ունենալ: «Եթե նախկին ա, պրիչո՞մ Ռուբեն Հայրապետյանը: Էլ չեք ասում, որ, մինչև Ռուբեն Հայրապետյանը, հարյուր հոգու աշխատակից ա եղել երևի: Ես ցավում եմ այդ դեպքի համար: Կարճ ու կոնկրետ` ուղղակի դուք, առանց իմանալու, եզրակացություններ ենք անում, որ Ռուբեն Հայրապետյանը կապ ունի»,- ընդգծեց նա` հավելելով, որ «ջղայնանում է, երբ Ռուբեն Հայրապետյանի մասին սխալ ինֆորմացիա է տարածվում»:

«Ծեծի մասին կարդացել եմ ինտերնետով և տեղեկացել եմ ինտերներտով: Դե, ի՞նչ ասեմ, եթե ասում են, ես էլ ասեմ, որ եթե ինձ ծեծեին, ես վրեժխնդիր կլինեի: Եթե ասում ա` գիտի` ով ա, թող ինքը որոշում կայացնի, բայց ես գիտեմ, որ տենց եսիմ ինչ... Երևի միջադեպ ա, եղել ա»,- ասաց պատգամավորը:

Նա կարծիք հայտնեց, որ Սմբատ Հակոբյանը հնարավոր է` անձնական խնդիրներ է ունեցել ու պետք է իմանա` ով է ծեծել: «Ես ասում եմ, որ եթե սխալ են անում, պտի սխալի համար պատասխան տան, դրա համար ես չեմ կարա ասեմ` Սմբատն ա մեղավոր, ծեծողը, թե` ծեծվողը: Դրա համար քննություն կա, թող որոշեն»,- ասաց Մովսիսյանը:

Նրա խոսքով` որպես Սմբատ Հակոբյանի մարտական ընկեր, ինքն իր որոշումը կկայացնի ու կփորձի հասկանալ, թե որտեղից է այս ամենը: «Կհասկանամ`որտեղից ա եկել, ինչ ա, բայց կարող ա և անձնական խնդիր ա, ու ինքն ամեն ինչ լավ էլ կիմանա: Սմբատը պետք ա իմանա` իրա թշնամին ով ա»,- ասաց Մովսիսյանը:

Նա չգիտեր, թե որ հիվանդանոցում է Սմբատ Հակոբյանը: Երբ տեղեկացրեցինք, Մովսիսյանն ասաց` քանի որ վերակենդանացման բաժանմունքում է այս պահին, ինքը չի կարող գնալ այցելության: