կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-14 16:15
Քաղաքական

Խորհրդարանում կռիվ է լինելու... Գուրգեն Արսենյան

Խորհրդարանում կռիվ է լինելու... Գուրգեն Արսենյան

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ի թիվս այլ քաղաքական ուժերի, նախագահականում մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներին: Ուշագրավ է, որ Yerkir.am-ի զրույցում պատգամավորը հայտարարեց` իր խորին համոզմամբ` սահմանադրական բարեփոխումները, այս պահի դրությամբ, պարզապես ժամանակավրեպ են:

«Ճիշտ է` մենք մշտապես հայտարարել ենք, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումն արդյունավետ է, և մեր կուսակցության հիմնական դրույթներից է այդ մոտեցումը, սակայն սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն մենք այս պահին չենք տեսնում»,- ասաց Արսենյանը` հավելելով. «Մեր հիմնական, ամենամեծ վեճը վերաբերում է սեփականության իրավունքի մասին դրույթին: Մարդուն չի կարելի զրկել սեփականության իրավունքից` առանց դատարանի որոշման: Փոփոխված տարբերակում այս ամենը դեպի բացասական ու ավելի վատ ռեժիմի է գնացել»:

Թեև Գուրգեն Արսենյանը սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը ժամանակավրեպ է համարում, սակայն ունի յուրօրինակ բացատրություն այդ գործընթացի շրջանակներում ծավալված քննարկումներին իր մասնակցությանը: «Քանի որ այդ պրոցեսը կա, մենք մասնակցում ենք պրոցեսին: Նենց չի, որ չենք մասնակցում: Պրոցեսի մեջ ենք, որպեսզի էդ փոփոխություններով կարողանանք ստանալ այն իրավական հարթությունը Հայաստանում, որը համարում ենք ամենաարդյունավետը»,- նշեց կուսակցության ղեկավարը:

Ըստ Արսենյանի` ԱԺ-ում կայանալիք քննարկումներից առաջ պետք չէ, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կոնկրետ պատասխաններ հնչեն: «Ախր կռիվ է լինելու խորհրդարանում: Էս սահմանադրական փոփոխությունների ամեն տառի համար կռիվ է լինելու, սկզբունքային հարցերի շուրջ կռիվ է լինելու: Ախր, մի կողմից, կան առաջարկողներ, մի կողմից էլ` պայքարողներ: Չէ, մեր ասածն է լավը, ձերը լավը չի. այ սենց բաներ են լինելու: Մենք խի՞ պետք ա հիմիկվանից իրանց ձեռքի տակը լինենք: Իրենք իրենց համար հիմքեր ու փաստարկներ գտնեն, ու էդ ժամանակ ոտի վրա ասեն` չէ, կներեք»,- ասաց պատգամավորը`հավաստիացնելով. «Ես իրենց հիմնավորումներից չեմ վախենում: Պարզապես մնացած պատգամավորներին համոզելու խնդիրն է: Ուզում եմ համոզել մնացած պատգամավորներին: Նրանք չեն պատկերացնում, չեն տեսնում, որ իրենց երկիրն է սա»:

Գուրգեն Արսենյանը մեր զրույցի վերջում հարկ համարեց ավելի պատկերավոր նկարագրել իրենց մոտեցումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: «Ես ևս մեկ անգամ ասում եմ, որ մենք միշտ ասել ենք, որ չենք գտնում, թե հիմա ամենակարևոր բանը սահմանադրական բարեփոխումներ կատարելն է: Բայց քանի որ կա, մենք դա չենք բոյկոտում, մասնակցում ենք, քննարկում ենք, մեր առաջարկներն ենք անում: Կոպիտ ասած`մենք թենիսի ֆանատ չենք, մենք մեծ թենիսի տուրնիր կազմակերպելուն կողմ չենք, բայց քանի որ տուրնիրը կազմակերպված ա, գնում ենք, տոմս ենք առնում, մեկնումեկին բալետ ենք անում: Մենք չենք գտնում, որ էդ տուրնիրը կազմակերպելու անհրաժեշտությունը կար, սակայն մենք ո՞նց կարող ենք ասել, թե «Ռոլան Գարոս»-ը չկա, և վերջ»,- եզրափակեց պատգամավորը: