կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-14 12:47
Քաղաքական

Թուրքիայում արտակարգ իրավիճակ է. ներկայացնում է «Ակօս»-ի լրագրողը

Թուրքիայում արտակարգ իրավիճակ է. ներկայացնում է «Ակօս»-ի լրագրողը

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայում ծավալվող վերջին իրադարձությունների և հայկական համայնքի վրա դրանց ազդեցության մասին խոսեցին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը,  «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը և լրագրող, վերլուծաբան Վիգեն Չեթերյանը:

Բագրատ Էստուքյանը ներկայացրեց Թուրքիայում կատարված ամենավերջին իրադարձությունները, որոնք նա «արտակարգ» որակեց: Թուրքիայում հունիսի 7-ին խորհրդարանի ընտրություններ տեղի ունեցան, և երբ խորհրդարան թափանցեց քրդական ժողովրդավարական շարժումը /Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը/, թուրքական իշխանությունների բոլոր հաշվարկները, ըստ Էստուքյանի, տակնուվրա եղան:

«Ասածս այն է, որ Թուրքիայի իշխանություններն այլևս միահեծան կառավարություն կազմելու հնարավորություն չունեն, և հիմա ստիպված են ուրիշ կուսակցության հետ համագործակցել: Սակայն Էրդողանի գլխավորած իշխող կուսակցությունը հակված չէ համագործակցելուն, որովհետև վախենում է, որ ջրի երես դուրս կգան իրենց զեղծարարությունները, որովհետև խոսքը միլիոնավոր դոլարների հասնող կաշառքների մասին է, որը իշխանությունը լավ քողարկում էր: Եվ ահա այս ամենից խուսափելու համար Էրդողանի գլխավորած կուսակցությունը դիմեց աննախադեպ գործողության` ընտրությունների կրկնության, որոնք նշանակված են նոյեմբերի 1-ին: Եվ որպեսզի Էրդողանի գլխավորած կուսակցությունը նոյեմբերի 1-ից հետո միահեծան հայտնվի խորհրդարանում, երկիրը վերածեցին պատերազմական գոտու»,- ասաց Էստուքյանը:

Նրա խոսքով` այսօր Թուրքիայի քուրդ բնակչությունը հատում է 20 միլիոնի սահմանը, և այն քաղաքներում, որոնք քրդերով են բնակեցված, իսկապես պատերազմական գործողություններ են ընթանում, արտակարգ իրավիճակ է Թուրքիայում: Ի դեպ, այդ վիճակը Թուրքիայի իշխանություններին պատկանող հիմնական լրատվամիջոցները վարպետորեն քողարկում են:

«Սա ոչ միայն քրդական, այլև հայկական շարժում է, որովհետև իշխանությունների սադրիչ գործողություններն ուղղվում են նաև հայերի դեմ: Թուրքիայի իշխանությունների քարոզչությունը հայի կերպարը համազոր է դարձնում սատանային, հետևաբար, երբ ուզում են ինչ- որ բան վարկաբեկել, փորձում են դա վերագրել Հայաստանի հետ կապին կամ հային: Դա արվում է ամենալկտի ու կեղտոտ կերպով»,- ասաց Բագրատ Էստուքյանը: