կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-15 17:33
Իրավական

Երևանում սպանված` ՌԴ հայազգի քաղաքացու գործով մշակվել են մի քանի վարկածներ

Երևանում սպանված` ՌԴ հայազգի քաղաքացու գործով մշակվել են մի քանի վարկածներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 46-ամյա Համլետ Ասատրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հ.Ասատրյանի  դիահերձման ընթացքում դատաբժիշկների կողմից հայտնաբերվել է 2 գնդակ`  գանգի խոռոչում՝ 5.45 մմ տրամաչափի մետաղական 1 գնդակ՝ առանց տեսանելի դեֆորմացիաների, իսկ կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի մկաններում՝ 9 մմ  տրամաչափի մասնակի դեֆորմացված գնդակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Դեպքի վայրի, դիակի զննությամբ վերցվել են փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ, առգրավվել դիակի հայտնաբերման ժամանակ նրա հագին եղած հագուստները, վերցվել բնակարանի մուտքի դռան փականը և փականի միջուկը։

Քրեական գործով մի շարք հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ։

Կազմվել է քննության պլան, մշակվել մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ դեպքի հանգամանքները պարզելու, հնարավոր վկաներին, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց)  ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. հուլիսի 12-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Օհանովի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի նախասրահում հայտնաբերվել էր Հ.Ասատրյանի դին` հրազենային վնասվածքով: 

Նախաքննությունը շարունակվում է: