Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնում էր 2014թ. բյուջեի կատարողականը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նրան:
«Պարո'ն Հարությունյան, Դուք բազմափորձ պետական ծառայող եք, երկար տարիների կառավարության անդամ, ԱԺ պատգամավոր….»,- սկսեց թվարկել Արծվիկ Մինասյանը, սակայն Դավիթ Հարությունյանը ընդհատեց` կատակելով. «Զգում եմ, որ վերջը վատ է լինելու»:
Պատգամավորը շարունակեց. «Դուք միշտ հանդես եք եկել` կառավարությանը անարգանքի սյունին գամելով` առ այն, որ ԱԺ-ին կառավարությունը երբեմն դնում է շատ վատ դրության մեջ, երբ ընթացակարգերը չի պահպանում և ԱԺ է ուղարկում չմշակված օրենքներ: Հիմա Դուք կառավարում եք կառավարության աշխատակազմը և կրում եք ամբողջական պատասխանատվություն կառավարության կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերի, այդ թվում` ԱԺ բերված օրենքների նախագծերի ամբողջականության համար: Ինչո՞վ բացատրել, որ անընդհատ խախտվում է ԱԺ կանոնակարգ-օրենքը, տեղական ակտիվի մասին օրենքը: Ինչպես՞ գնահատել Ձեր գործունեությունը օրենսդրական նախաձեռնությունների ամբողջականության ապահովման հարցում»:
Արծվիկ Մինասյանը նաեւ հավելեց, որ կառավարության բազմաթիվ ծրագրերի պարագայում չկա որակական ցուցանիշների մասին տեղեկատվություն:
Դավիթ Հարությունյանը նախ կարծիք հայտնեց, որ պատգամավորը վրիպել է` ցուցանիշների հետ կապված, որովհետև դրանք ներառված են, և այլ հարց է, որ այդ ցուցանիշները կարող են խոսուն չլինել: Նա չհերքեց, որ կարող են լինել թերություններ, սակայն դա պայմանավորեց մեծ ծավալի աշխատանքների փաստով: «Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն աշխատակազմի ցանկացած թերության համար»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանը արձագանքեց` ասելով. «Ի տարբերություն Ձեզ, ես շատ լավ տիրապետում եմ արդյունքային ցուցանիշներին, թե' քանակական, թե' որակական պահանջների կարևորությանը: Դուք որակական նկարագիր պետք է տաք, Դուք եղել եք պատգամավոր և նման խնդիրների եք առնչվել, բայց հիմա գնացել եք կառավարություն և ասում եք՝ չենք պատրաստվում: Մի' պատրաստվեք, մենք այդքան ունակություն ունենք, որ կարողանանք ուսումնասիրել և գնահատական տալ»:
Նա հավելեց, որ արտահերթությամբ օրենք ընդունելն աբսուրդ է, ուստի, որպես պատգամավոր, ակնկալում է, որ կառավարության աշխատակազմի ղեկավարը հարգանքով կվերաբերվի ԱԺ-ին` պատշաճ տեղեկատվություն ապահովելով:
Դավիթ Հարությունյանը նշեց. «Ինձ զարմացրեց պարոն Մինասյանի այս դաստիարակչական ելույթը, ավելին` փորձել ինչ-որ վիրավորական տարրեր ներմուծել խոսքում, դա դարձյալ նորություն է, և ի տարբերություն Ձեզ, ես չեմ պատրաստվում պատասխանել նույն ոճով: Ես գոնե չեմ փոխվում, բայց Ձեր փոփոխությունն ինձ մտահոգեց և զարմացրեց: Չգիտեմ` ինչով է այն պայմանավորված, երևի այն փայլուն գիտելիքներով, որ ունեք, և Դուք համարեցիք, որ ձեզ մոտ ոչ միայն քանակ պետք է փոխվի, այլ նաև որակ»: