Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մոտ չորս տարի առաջ` Ամանորի նախօրեին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, արդեն երկրորդ անգամ է Արթիկից ապարդյուն հասնում Երևան` վերաքննիչ դատարան: Նրա կողմից որդու վերաբերյալ քննվող գործը կարճելու դեմ ներկայացված բողոքի քննությունն արդեն երկրորդ անգամ է` հետաձգվում:
Այս անգամ էլ, պարզվում է, մեղավորը «Հայփոստն» էր, որը դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը չէր ուղարկել ամբաստանյալներից Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանին: Նրա պաշտպանյալ Միքայելյանը դատարանին խնդրեց մեկուկես ժամով հետաձգել նիստը` մինչ փաստաբանը ժամանումը, սակայն դատարանը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ նախապես նշանակված դատական նիստեր կան, և գրաֆիկը խախտել չեն կարող:
Նիստը հետաձգելու վերաբերյալ` ամբաստանյալի միջնորդությունը հարուցեց տուժողի իրավահաջորդի դժգոհությունը: Նա հայտնեց, որ հոգնել է տարիներ շարունակ երկար ճանապարհ անցնել, գալ դատարաններ և նիստերի հետաձգման պատճառով հետ գնալ:
Ինչպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այնպես էլ վերաքննիչում մահացած զինծառայողի հայրը չկարողացով զսպել իր զգացմունքներն ու հերթական անգամ ամբաստանյալներին մեղադրեց որդու մահվան, իսկ դատավորներին՝ նիստը հետաձգելու մեջ: «Մարդ եղե’ք, հասկացե’ք»,- դիմելով դատավորների` ասաց Մովսես Խաչատրյանը:
Տուժողի իրավահաջորդի վրդովմունքն էլ բարկացրեց նիստը նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանին: Նա կոչ արեց Խաչատրյանին` իրենց չվիրավորել: Այնուամենայնիվ, այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 28-ին:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին` երկու տարի տևած դատաքննությունից հետո, հիշյալ գործի վարույթը կարճվել էր:
Տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը վերաքննիչ դատարանից պահանջում է ամբողջությամբ բեկանել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: