կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-20 18:13
Հասարակություն

Ո՞ւր են նախարարները. Արծվիկ Մինասյանը՝ վարչապետին

Ո՞ւր են նախարարները. Արծվիկ Մինասյանը՝ վարչապետին

Այսօր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց կառավարությանը: Նա նշեց, որ պետական կառավարման մարմինների նկատմամբ հանրության վստահության վերականգնումը կախված է կառավարության գործառույթների լիարժեք իրականացումից: Սակայն, պատգամավորի խոսքով, այն, ինչ տեսնում ենք խորհրդարանում, զարմանք է հարուցում, քանի որ նախարարներից շատերը չեն գալիս հանձնաժողովների նիստերին:

 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ խոսքը մասնագիտական քննարկումներին չի վերաբերում, այլ այն բանին, որ այդ նիստերի ընթացքում կայացվում են քաղաքական որոշումներ, իսկ նախարարները պետք է մասնակցեն դրանց:

 

«Ստեղծվել է «Նաիրիտ»-ի հարցերով հանձնաժողով, բայց զրոյական քննարկումներ են տեղի ունենում կառավարության ու խորհրդարանի միջև: Օրենքով պարտադրվում է, որ յուրաքանչյուր օրենքի նախագիծ ԱԺ գալուց առաջ պետք է ունենա ազդեցության գնահատական, և երբ ուշադրություն ենք դարձնում, տեսնում ենք, որ այդ ազդեցության գնահատականները կա'մ ձևական են, կա'մ, որ հաճախ է պատահում, չկա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթուղթ: Հարգարժա'ն վարչապետ, Դուք բազմիցս նշել եք Ազգային ժողովի դերակատարման բարձրացման մասին, Դուք` որպես Ձեր խոսքի տեր անձնավորություն, ի՞նչ եղավ, ինչո՞ւ հետևողական չեք»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Արծվիկ Մինասյանի առաջարկը` ասելով, որ դեմ է, որ որևէ նախարար իր պարտականությունները չկատարի: Եվ եթե նախարարը պարտավոր է ներկայանալ հանձնաժողովի նիստերին, ուրեմն պետք է ներկա լինի, սակայն որոշ դեպքերում նախարարները չեն ներկայացել, որովհետև գործուղման են եղել: «Ես հետամուտ կլինեմ, որ նախարարները ներկայանան, դա կարևոր է, նախարարն իրավունք չունի չհարգելու օրենքը` չներկայանալով հանձնաժողովի նիստերին կամ լիագումար նիստին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Նա հավելեց, որ հետամուտ կլինի նաև ազդեցության գնահատականի վերաբերյալ հարցի կարգավորմանը:

 

Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ի հարցին, վարչապետը նշեց, որ խնդիրը շատ խորն է ու բազմաբնույթ, հիմա փորձում են տալ լուծումներ այդ խնդրին, կա նախագահի հանձնարարականը: «Մինչև հունիսի սկիզբը կոնկրետ առաջարկներ կլինեն` գործարանի վերագործարկման հետ կապված, իսկ ինչ վերաբերում է պարտքերին, ապա հաստատում եմ Երվանդ Զախարյանի ասածը, որ ամեն ինչ անելու ենք, որ մինչև 2015թ. վերջը մարենք պարտքերը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: