Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր թաղի հոգսաշատ ու բազմանդամ տների փոխարեն հիմա հարթ, ամայի դաշտ է: Հատ ու կենտ տներ են մնացել, որտեղ ապրողների հիշողությունը կցկտուր է, կարճ: Այնտեղ էր անցել իմ մանկությունը, պատանեկությունը` մինչև այն օրը, երբ կոկիկ հագնված երեք պաշտոնյա, ձեռքներին սև, խորհրդավոր պայուսակներ բռնած, մտան թաղ՝ հաշվառման: Որքան էլ քչախոս ու գաղտնապահ էին ուզում երևալ, նրանցից մեկը, սակայն, բերնից թռցրեց, որ մեր տները քանդելու են ու մեզ բնակարաններ են հատկացնելու նորակառույց զանգվածներում: Թաղում իրարանցում սկսվեց: Մարդիկ սկսեցին ենթադրություններ անել՝ ո՞ր հատվածի բնակարաններն են լավ. Նորքի՞, Բանգլադեշի՞, թե՞… Կարևոր էր նաև, թե ինչքա՞ն կաշառք կուզեն: Ամեն զանգված, ամեն շենք, ամեն հարկ իր սահմանված գինն ուներ…
Թաղեցիների մի մասը տխրեց, մի մասն էլ ուրախացավ: Ամենաշատը մեր թաղի փոստատարը տխրեց. ո՞ւմ համար էր նամակներ, հեռագրեր, թերթեր և ամենակարևորը՝ թոշակներ բերելու: Նա անգիր գիտեր բոլորին՝ փողոց առ փողոց, տուն առ տուն, անուն առ անուն: Թերթերը, նամակները բաժանելուց բացի ամսվա մեջ երկու օր նաև թոշակներն էր բաժանում:
Չէ՛, ոչ թե թաղի թոշակներն էին շատ, այլ գոյություն ուներ արտոնյալ թոշակառուների մի խավ, որ սպասարկվում էր սովորական թոշակառուներից զատ: Արտոնյալ խավի մի Անհատական թոշակառու էլ մեր թաղում կար, որի նվիրումն ու ամբասիր գործունեությունը պետությունը հատուկ կարգով, գնացուցակով էր սահմանել: Ասում են նրա ծառայություններից ամենակարևորը այն էր եղել, որ մեր թաղում հանգրվանած հայրենադարձների մեջ գտել ու բացահայտել էր երկիր թափանցած քայքայիչ տարրերի, անգլիական ու թուրքական լրտեսների, ահաբեկիչների: Այս թվացյալ բացահայտումների մեջ սիրիացի Հակոբն էլ է եղել, որովհետև դեռ օտարության մեջ ծնված որդու անունը Վրեժ էր դրել:
Ապագա անհատական թոշակառուն Հակոբին խուզարկու հայացքով հարցրել էր.
- Էդ տղուդ անունը Վրեժ ես դրել, որ ի՞նչ…
- Հաբա ի՞նչ կուզեիր, մեծ հորդ անունը դնեի…
- Բա որ աղջի՞կ ծնվեր
- Աղջիկ ծնվեր Վրեժուհի կդնեի,- ասել էր Հակոբը՝ չիմանալով, թե ինչքան հեռու է տանելու նրան այս կարճ զրույցը՝ Սիբիր
Այս մարդը այնքան էր հավատացել իր “սուրբ” գործին, որ նրան թվում էր, թե մենք, մեր ապրելով իրեն ենք պարտական:
...Անհատական թոշակառուի օրը առանձին էր: Մեր թաղի փոստատարը նրա թոշակը տանում էր ոնց բեռ, ասես իր երեխաների, հարազատների, շարքային թոշակառուներ Քեռի Բենոյի, Դարբին Սարգսի, հալեպցի Բուզանդի, սիրիացի Հակոբի ... բերնից կտրած հացն ու ջուրն էր տանում նրան: Նրա տան դարպասներն էլ ծանր էին, խորհրդավոր, յոթ փակի տակ: Փոստատրը սեղմում էր զանգի կոճակն ու սպասում ծանր դարպասների բացվելուն:
Շարքային, պարզ, արդար աշխատանքով թոշակի անցած թաղեցիների հետ ուրիշ էր: Նրանք հոժարակամ, երբեմն էլ հումորով, որ չնեղվի, իրենց թոշակից մի փոքրիկ մաս թողնում էին փոստատարին ասելով՝ «էս էլ՝ չարչարանքիդ դիմաց»:
Քեռի Բենոն էլ առանց խմացնելու բաց չէր թողնում նրան:
Էսքանն էր փոստատարի բաժինը, շահը աշխարհից:
Այդ օրը, թոշակները բաժանելուց հետո, հնամաշ պարկ հիշեցնող կաշվե պայուսակը ուսած մեր թաղի փոստատարը մտնում է խանութ՝ գնումների:
«Քեֆը ոնց որ լավ է »,- նկատում է հաճախորդներից մեկը:
«Ի՞նչ կա որ, թող մի օր էլ էս մարդու քեֆը լավ լինի»,- պատասխանում է խանութպանը:
Փոստատարը զգալով, որ զրույցն իր մասին է՝ անկեղծանում է.
- Թոշակի օր էր, Քեռի Բենոյի հետ մի քիչ խմեցինք:
- Բենոյի մի քիչը գիտեմ,- բազմանշանակ ասում է հաճախորդը ու, փորձելով ինչ-որ բան ճշտել, շարունակում է.
- Ես էլ կարծում էի Անհատականն է խմացրել…
- Ո՞վ,- մի քիչ զարմացած, ընդգծված հեգնանքով, փոստատարը շրջվում է հաճախորդի կողմը,- Կլյաուզնի՞կը: Խմիչքը փոստատարին համարձակություն էր ներարկել:
Խանութպանը գիտեր Հաճախորդի ով լինելը ու փորձեց փոստատարին օգնել.
- Քեֆը լավ է, ոչինչ, բան էր էլի, ասաց... Խմած մարդն ու երեխան նույն բանն են...ինչ ուզեն՝ կասեն
Որքան էլ խանութպանը բարի ցանկություն ունենար վիճակը շտկելու, ուշ էր արդեն…
Մի քանի օր անց մեր թաղի փոստատան պետի գրասեղանին բողոքի նամակ էր՝ գլխավորի մակագրությամբ. « Քննել, Զեկուցել.Շտապ»:
Թոշակառուների բողոքն էր, իբր մեր թաղի փոստատարը գումարներ է շորթում աշխատավոր մարդկանցից:
Պետի առանձնասենյակում փոստատարը կարմրել, կարկամել էր: Չէր հավատում. Ո՞վ, Քեռի Բենոն, Դարբին Սարգիսը, հայրենադարձ Բուզա՞նդը,…էս-էն…Նրանք ախր կարգին մարդիկ են, իրենք են զոռով տալիս.
«Չե՛մ հավատում»,- ասես պայթեց մարդը ու էլի կրկնեց.
«Չե՛մ հավատում»:
«Չե՞ս հավատում, կարդա՛...»,- Պետը փոստատարի կողմը հրեց բողոքը:
Փոստատարը աչք ածեց դպրոցական ձեռագրով գրված նամակին:
Նրան ավելի շատ հետաքրքիր էր, թե ովքե՞ր են ստորագրել այն: Նույն ձեռագրով գրված էր՝ «Մի խումբ ընկերներ»:
Փոստատարը լավ գիտեր, որ այդ «Մի խումբ ընկերների» մեջ իր իմացած մարդիկ հաստատ չկան, ու արդեն հանգստացած.
- Գիտեմ ում գործն է:
- Ո՞մ,- ինքնաբերաբար հարցնում է Պետը:
- Կլյաուզնիկի:
- Կամա՛ց, մարդ չլսի,-վախվորած ասում է պետը:
Վստահ, որ գտել է բանսարկուին, փոստատարը շարունակում է.
- Ամոթ չի՞, ձեռագիրն էլ, երևի, թոռանն է, ամոթ չի՞, անմեղ էրեխու արյունն է պղտորում, հարամում...
Պետն էլ գիտեր, շատ բան գիտեր, բայց իրավունք չուներ: Պետը բարի, բայց երկչոտ մարդ էր: Բարությունն այս անգամ հաղթեց վախին, երկչոտությանը ու նա փոստատարին գրեթե շշուկով ասաց.
- Գնա մի քանի օր համբերիր, էսօր – էգուց է, Անհատականից կազատվենք...
Պետի անկեղծությունը ավելի համոզիչ դարձավ, երբ նա գրասեղանից վերցրեց բողոքի նամակն ու ճմրթելով նետեց աղբամանը:
… Մի քանի օր անց պաշտոնական բոլոր թերթերը Անհատականի սևերիզ լուսանկարով նույն մահախոսականն էին տպագրել: Այն սրտառուչ բառերի մի ամբողջ կույտ էր, իսկ վերջում, ստորագրության փոխարեն՝ «Մի խումբ ընկերներ» բառերի շարքը:
Սպարտակ Ղարաբաղցյան