կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-13 18:01
Իրավական

Դատապարտում են գլխավոր դատախազի պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեղեկատվության տարածումը

Դատապարտում են գլխավոր դատախազի պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեղեկատվության տարածումը

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է. «Մարդու արժանապատվությունը, պատվի եւ բարի համբավի պաշտպանությունը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներ են, որոնք որոշ դեպքերում խախտվում են առանձին լրատվության միջոցների կողմից՝ տարածելով ոչ միայն վիրավորական որակումներ պարունակող, այլ նաեւ' վարկաբեկող եւ զրպարտող տեղեկություններ։

 

Դատելով կոնկրետ օրինակներից՝ մարդու արժանապատվության վարկաբեկումը որոշ դեպքերում դարձել է գերնպատակ՝ հարցազրույցներ վերցնելով եւ տարածելով անգամ հոգեբուժական հաստատությունում հաշվառված եւ հոգեբույժների հսկողության ներքո գտնվող անձանցից»



Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` հունիսի 12-ին news.am լրատվական կայքը տեղադրել է մի կնոջ հետ հարցազրույց, որի ընթացքում վերջինս հանդես եկել է գլխավոր դատախազին վարկաբեկող, ակնհայտ զրպարտող հայտարարություններով։


Դատախազությունում ուսումնասիրվել է կայքում տեղադրված տեսանյութը եւ հայտարարում ենք, որ գլխավոր դատախազի պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեղեկությունները news.am-ը տարածել է՝ հիմք ընդունելով հոգեբուժական կլինիկայում հաշվառված, «անձի պարանոյալ զարգացում» հիվանդությամբ տառապող կնոջ խոսքերը։ Տվյալ պարագայում լրատվամիջոցը ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել' պարզելու անգամ զրուցակցի ինքնությունը եւ որպես հետեւանք տարածել հոգեբուժական կլինիկայում հաշվառված կնոջ հայտարարությունները (եթե, իհարկե, բացառենք հատուկ դիտավորությունը), ինչը հետագայում որոշ այլ լրատվամիջոցներ վերարտադրել են իրենց կայքերում նույնությամբ։

 

Դատախազությունը հայտնում է, որ Կոմիտասի անվան այգու պանթեոնում news.am-ի զրուցակից կինը՝ Վ.Զաքարյանը, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի' դեռեւս 2002 թվականի հունվարի 24-ի որոշման հիման վրա հարկադիր բուժում է ստացել Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում։ 

Մասնավորապես' 2001 թվականին Շիրակի մարզի բնակիչ Վ.Զաքարյանը դիմումներ է հղել տարբեր պետական մարմիններին՝ դատախազության, ՆԳ մարմինների, մարզի առողջապահության ոլորտի մի շարք աշխատակացիներին, ակնհայտ սուտ հերյուրանքներ է տարածել՝ նրանց մեղադրելով սպանության փորձերի եւ այլ ծանր հանցագործություններ կատարելու մեջ, իսկ 2001 թվականի ապրիլի 6-ին Երեւանի Հանրապետության հրապարակում փորձել է հրկիզման եղանակով ինքնասպանություն կատարել՝ հայտարարելով, որ նման քայլի է դիմել' միլիցիայի աշխատակիցների կողմից իր նկատմամբ պարբերաբար հալածանքների պատճառով։

 

Նշված հանցագործությունների փաստերով 2001 թվականին հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Վ.Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքում փորձագետը նրա մոտ ախտորոշել է «Շիզոֆրենիա. անձի պարանոյալ զարգացում» հոգեկան հիվանդություն եւ մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է անմեղսունակ։


Ուստիեւ' Վ.Զաքարյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, եւ նրա նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ։ Նա հսկողության տակ է գտնվել Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում։ Ուժեղացված հսկողության բաժանմունքում հարկադիր բուժումը նրա նկատմամբ դադարեցվել է' շարունակելով մնալ հոգեբույժի հսկողության ներքո' արտահիվանդանոցային պայմաններում։

 

Որպես լրացուցիչ տեղեկատվություն նշենք, որ տվյալ կինն ավելի վաղ ենթարկվել է նաեւ քրեական պատասխանատվության՝ 1998 թվականին դատապարտվելով հասարակական կարգը խախտելու եւ իր համագյուղացուն ծեծի ենթարկելու համար։

 

Ամենայն հարգանքով վերաբերվելով խոսքի ազատությանն ու լրագրողների աշխատանքին՝ ակնկալում ենք, որ նույնպիսի հարգանք իրենց իսկ մասնագիտությանը պետք է ցուցաբերեն նաեւ լրագրողները՝ զերծ մնալով զրպարտչական բնույթի, անձի պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեղեկություններ տարածելուց։ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը, հարգանքը վերաբերում է բոլորին՝ ինչպես պաշտոնատար անձանց, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներին, այնպես էլ' լրատվության միջոցներին։