կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 14:44
Քաղաքական

Էլեկտրաէներգիան կթանկանա 6.93 դրամով. վարչապետ

Էլեկտրաէներգիան կթանկանա 6.93 դրամով. վարչապետ

Այսօր լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին` տարօրինակ չէ՞, որ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի պնդումներից հետո, թե ՀԷՑ-ում գողություն է տեղի ունեցել, քրեական գործ չի հարուցվում, և պատժվողներ չկան:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես չեմ լսել, որ Զախարյանը գողության մասին ակնարկած լինի: Անկեղծ ասած` ես չեմ լսել, որ ասել է` գողություն, ասել է` բացթողումներ: Ամեն դեպքում` ես հետամուտ կլինեմ և կհասկանամ` ինչի մասին է խոսքը: Եթե կա նման բան, ուրեմն պետք է դիմել պատկան մարմիններին»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հենց ինքը դիմի պատկան մարմիններին, վարչապետը պատասխանեց, թե ինքը կոնկրետ փաստեր չունի, ունենալու դեպքում կդիմի:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հիմա հաշվարկում ենք տնտեսության վրա և բնակչության վրա ազդեցությունը: Մենք փորձելու ենք մեր նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան: Հիմա այդ հաշվարկներն են կատարվում համապատասխան նախարարությունների կողմից: Երբ հանձնաժողովը հաստատի, մենք դրա հետևանքների մասին բարձրաձայն խոսելու ենք: Հունիսի 12-ին ԱԺ լսումներ կիրականացվեն, մեր նախարարները, նախարարությունները կներկայանան և իրեն կարծիքը կասեն: Մենք էլ լինելու ենք շատ թափանցիկ, որպեսզի հանրությանը ներկայացնենք այն, ինչ տեղի է ունենալու: Մեր պատկան մարմինները օրենքի բոլոր կետերը պաշտպանելու են, և ես չեմ կարծում` որեւէ խնդիր լինի: Խոսում են թանկ մեքենանների մասին, որևէ նման բաղադրիչ չի ընդունվելու, և հանձնաժողովը դա հայտարարել է: Կարծում եմ` կառավարությունը հետամուտ կլինի»:

Դիտարկմանն ի պատասխան, թե, բացի սոցիալապես անապահովների համար քայլեր ձեռնարկելուց, ինչ քայլեր են ձեռնարկվելու բնակչության մնացած խավերի համար, չէ՞ որ նրանց համար նույնպես վիճակը վատանում է, Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց վատատես չլինել. «Դուք ինչի՞ եք վատ տրամադրված, վիճակը գնալով չի վատանում, մենք ամեն ինչ անելու ենք, որ լավանա, մենք այդ գործին ենք լծված»:

Հարցին` տնտեսական աճ լինելո՞ւ է, վարչապետն արձագանքեց. «Անպայման, անպայման»:

Նշենք, որ վարչապետը հաստատեց, որ էլեկտրաէներգիան թանկանալու է 6,93 դրամով: