կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-29 12:38
Հասարակություն

Բագրատաշենի անցակետի շինարարարությունը մոտենում է ավարտին

Բագրատաշենի անցակետի շինարարարությունը մոտենում է ավարտին

2016 թվականին Հայաստանը կունենա լիովին նոր անցակետեր: Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից: Այստեղ՝ նոր անցակետի տարածքում հողային աշխատանքները փաստացի սկսվել են 2013թ.-ի օգոստոսին, սեպտեմբերի 27-ին արդեն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կատարվել է հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Իսկ այժմ շինհրապարակում թեժ եռուզեռ է:

 

Ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Սամվել Սաֆարյանի խոսքով` շինարարները քայլ առ քայլ իրականություն են դարձնում Բագրատաշենի ապագա անցակետի նախագիծը. «Բագրատաշենի անցակետում կառուցվելու է մուտքի և ելքի համար նախատեսված 4-ական ուղի, այսինքն` յուրաքանչյուր ուղղությամբ` երկուսը` բեռնատար և երկուսը` մարդատար ավտոմեքենաների համար: Այս ամենի արդյունքում հնարավորություն կունենանք խուսափել հերթերից և կուտակումներից. սպասարկումը բարձր մակարդակով և ճշգրտությամբ կիրականացվի»:

 

Կգործի նաև առանձնացված ուղի` ոչ ստանդարտ բեռնափոխադրումների համար. ապագայի մաքսակետի նորույթներից է: Եվ ոչ միայն. 10 հա տարածքում կառուցվում են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական և վարչական մասնաշենքեր, կինոլոգիական կենտրոն և այլն: «Շինարարական հիմնական աշխատանքների ավարտը 2015թ.-ի սեպտեմբերն է, իսկ նոր մաքսակետն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: Ամբողջ գործընթացը խիստ վերահսկողության ներքո է»,- վստահեցնում է մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը:

 

Շինարարարական եռուզեռը չի խոչընդոտում Բագրատաշենի անցակետի ներկայի կանոնավոր աշխատանքին. ստեղծված են բոլոր պայմանները սահմանահատումն արագ և որակյալ սպասարկելու համար: Գուգարքի տարածաշրջանային մաքսատանն ապահովված է շուրջօրյա մաքսազերծում. ամբողջ գործընթացը տևում է մի քանի րոպե:

 

«Մինչև 2016-ը Գուգարքի մաքսատունը հնարավորություն կունենա անհամեմատ ավելի արագ, բարձր որակով կազմակերպել բոլոր տեսակի բեռների ներմուծումն ու արտահանումը: Ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացը կտևի 5-7, իսկ բեռնատարներինը` մինչև 10 րոպե: Կարծում եմ, որ սա իսկական եվրոպական չափանիշ է. 2016-ին մաքսակետն արդեն բոլորովին նոր չափանիշներով կներկայանա այցելուներին»,- ընդգծել է մաքսատան պետը:

 

Հայաստանի հյուսիսային դարպասները միացնող Գուգարքի մաքսատունն այն հանգույցն է, որի միջոցով ապահովվում է երկրի արտաքին առևտրի մոտ 70 տոկոսը: Իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ աճել է ժամանակակից անցակետերի գործարկման նշանակությունը: