կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 17:10
Հասարակություն

Հանքատերը, քաղաքապետն ու գյուղապետը. ուշագրավ իրավիճակ` Վեդիում

Հանքատերը, քաղաքապետն ու գյուղապետը. ուշագրավ իրավիճակ` Վեդիում

Հետաքրքիր միջադեպ է գրանցվել Վեդիում: Նախօրեին Yerkir.am-ին տեղեկություններ հասան, որ բնակչության մոտ ավանդույթ դարձած` ճանապարհը փակելու ակցիան այս անգամ իրականացրել են վեդեցիները: Բնակիչների բողոքն ուղղված է այն հանքատիրոջ դեմ, որի բեռնատար մեքենաները հանգիստ չեն տալիս իրենց:

 

«Գրեթե ամեն օր ավազով բեռնված բեռնատարներն անցնում են մեր տան դիմացով` օրը մի տասը-քսան անգամ: Հերիք չի փոշի-դուման են անում, հետն էլ ավազն են շաղ տալիս: Էդ ծանր մեքենաների աղմուկից հոգնել ենք արդեն, մենք էլ մարդ ենք, մեր հանգիստն ենք ուզում, ուզում ենք երեխեն դուրս գա փողոց, խաղա, մենք մեզ անվտանգ զգանք: Վերջապես` տարածքում էդքան հանքեր են գործում, օդն աղտոտված է հերիք չի, մի հատ էլ քթներիս տակ ամբողջ օրը ավազ շաղ տա՞ն, ստիպված մեր տա՞նն էլ փոշոտ օդը հանդուրժենք: Թող ուրիշ ելք գտնեն»,- դժգոհում են բնակիչները:

 

Օրերս, երբ բնակիչները համախմբված ճանապարհը փակել են բեռնատարների առաջ, չգիտես` ինչու, նրանց է մոտեցել հարևան Գոռավան համայնքի ղեկավարը՝ Արսեն Բազիկյանը՝ բանակցություններ վարելու: Հորդորել է բնակիչներին չխանգարել բեռնատարների երթևեկին, սակայն բնակիչները չեն համաձայնել: Մերժված գյուղապետին ստիպված օգնության ձեռք է մեկնել Վեդու քաղաքապետը: Երկար բանակցելուց հետո վեդեցիները հստակ պայմաներ են դրել նրա առաջ, որ եթե գործարարի համար չկա բեռը տեղափոխելու այլընտրանքային ճանապարհ, ուրեմն իրենք ստիպված կլինեն հանդուժել իրավիճակը ժամանակավորապես և միայն այն դեպքում, եթե ավազով բեռնված մեքենաները անցուդարձը կարգավորվի հստակ ժամերով, և դրանից առաջ փողոցի աջ ու ձախ կողմերում Վեդու քաղաքապետը կանգնեցնի ջրցան մեքենաներ: Պաշտոնյաները խոստացել են կատարել պայմանը՝ մինչև նոր լուծումներ կգտնեն:

 

Yerkir.am-ը զանգահարեց Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանին՝ տեղեկանալու` բնակիչների հետ կոնկրետ ինչ համաձայնության են եկել, և ինչ նոր տեղեկություններ կան խնդրի առնչությամբ: Քաղաքապետը նախ պահանջեց հարցերը գրավոր ուղղել, բայց երբ պնդեցինք, որ բանավոր պատասխանի, ասաց. «Ախր, ճանապարհը չի կարելի փակել, ո՞նց են փակում: Ինչի՞, որ տրանսպորտ ա երթևեկում, ուրեմն իրենց դատողությամբ պետք է չգնա՞ էդ ճանապարհով: Իրենք ասում են, որ ցանկալի չէ այդ ճանապարհով տրանսպորտի երթևեկությունը, բայց դա էլ մեր բեռանափոխադրող շրջանցող ճանապարհն է, որով հիմնականում ընթանում են բեռնատար մեքենաները: Դա Վեդիի շրջանցիկ ճանապարհն է: Մենք այլ ճանապարհ չունենք, որ տրանսպորտային այդ միջոցներն անցնեն»:

 

Մեր դիտարկմանը, թե ավազով բեռնված բեռնատարների պարունակությունը թափվում է բնակիչների տների բակերը, և երեխաները չեն կարողանում դուրս գալ փողոց, Բարսեղյանը պատասխանեց. «Ջրցան մեքենա կաշխատի, և ամեն ինչ լավ կլինի, ի՞նչ խնդիր կա, ախր: Ճանապարհը անբարեկարգ է, բայց մեր միակ շրջանցող ճանապարհը սա է, ի՞նչ կարող ենք անել: Այս ճանապարհն է միակ շրջանցող ճանապարհը»:

 

Հարցին, թե չի՞ ճանաչում, արդյոք, հանքատիրոջը, Բարսեղյանը պատասխանեց. «Ես ի՞նչ գործ ունեմ, որ մի հատ էլ ճանաչեմ իրեն»: Քաղաքապետը կոնկրետ չպատասխանեց նաեւ մեր այն հարցին, թե ի՞նչ գործ ուներ Գոռավանի գյուղապետն իր քաղաքացիների հետ: «Ես չգիտեմ: Արդեն ասացի, որ ամեն ինչ հարթվել է»,- ասաց Բարսեղյանը: Նրա տեղեկացմամբ՝ առաջիկայում այդ ճանապարհը կասֆալտապատվի:

 

Yerkir.am-ը կապ հաստատեց նաև Գոռավանի գյուղապետ Արսեն Բազիկյանի հետ: Նա, ի վերջո, պարզաբանեց, թե ինչ գործ ուներ վեդեցիների հետ և ինչու էր անձամբ բանակցություններ վարում նրանց հետ: «Դե էդ հանքատերն ինձ հարազատ մարդ է: Համ էլ թեթև բան էր, թեթև հարց էր, լուծեցինք, գնաց: Բնակիչներն ասում էին` փոշի է լինում: Դե, ճիշտ էլ ասում էին, մենք էլ օգնեցինք, ջրջնեցին փողոցները, ու ամեն ինչ տեղն ընկավ»,- ասաց գյուղապետը: Նա նշեց նաև, որ դա իր անձնական խնդիրն է ու մտերիմ մարդու համար է այդ քայլին գնացել:

 

Yerkir.am-ը հետեւելու է իրադարձությունների հետագա ընթացքին: