կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-17 15:28
Քաղաքական

Հնարավոր է՝ հանրաքվեն աշնանը լինի. ՀՀԿ-ական

Հնարավոր է՝ հանրաքվեն աշնանը լինի. ՀՀԿ-ական

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նշեց՝ այն մոտեցումը, որ Սահմանադրությունը պետք է ձևավորվի կոնսենսուսի պայմաններում, ինքնին ողջունելի քայլ է:

 

«Եթե չլինի կոնսենսուս, Սահմանադրությունը հանրաքվեի ժամանակ չի ընդունվի: Սա խոսում է մեր ժողովրդավարության զարգացման մասին: Բրեժնևյան սահմանադրության տեսքով չեն բերում, ասում են՝ էս ա, վերջ: Երբ քաղաքական այլախոհներին են հրավիրվում քննարկման, այդ թվում` նաև օպոզիցիոն կուսակցություններ իրենց հռչակածներին, սա միայն կարելի է ողջունել, իհարկե»,- ասաց Բադեյանը:

 

Yerkir.am-ի այն հարցերին, թե որքանո՞վ են հաշվի առնվելու ոչ իշխանական ուժերի առաջարկները սահմանադրական բարեփոխումների ընթացքում, և ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել այդ հանդիպումներից, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Վստահ եմ` ոչ բոլոր առաջարկներն են հաշվի առնվելու, ցանկացած մարդ կարող է առաջարկներ անել, մի մասը կընդունվի, մյուս մասը՝ ոչ: Դրա համար աշխատում է մասնագետների խումբ: Բացի մեր մասնագետների խմբից, գոյություն ունի նաև ընդհանուր եվրոպական մոդելներին տիրապետող, ընդհանուր սահմանադրական իրավունքին տիրապետող անկախ Վենետիկյան հանձնաժողովը»:

 

Բադեյանը համարում է, որ քննարկման փուլից արդեն պիտակներ կպցնելը, քննարկումը մերժելը, ասելը, որ այս ամենն արվում է միայն վերարտադրության համար և այլն, ամենաքիչը գռեհիկ մոտեցումների շարք է, որը, բնականաբար, ողջունել չի կարելի:

 

Մեր հարցին, թե, ի վերջո, ե՞րբ սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի կդրվեն, և հնարավո՞ր է, որ այն աշնանը լինի, Բադեյանը պատասխանեց. «Հնարավոր է, այո: Երբ պատրաստ կլինի, այն ժամանակ էլ կդրվի: Ժամկետ չկա, որովհետև պարզ չի, թե ինչքան կշարունակվի քննարկումը: Հնարավոր է աշնանը, հնարավոր է ձմռանը, հնարավոր է հաջորդ գարնանը, ամեն ինչ էլ հնարավոր է»: