կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-06 12:54
Քաղաքական

Հնարավոր է՝ լինի այսօրվա Սահմանադրության բարեփոխված տարբերակը. ՀՀԿ-ական

Հնարավոր է՝ լինի այսօրվա Սահմանադրության բարեփոխված տարբերակը. ՀՀԿ-ական

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չի բացառում, որ լինի սահմանադրական փոփոխությունների երկու տեքստ: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այսօրվա դրությամբ տեսանելի է այն հայեցակարգը, որի ուղղությամբ աշխատել է հանձնախումբը, սակայն պետք է հաշվի առնել, որ քաղաքական ուժերի հետ հետագա քննարկումների արդյունքում հնարավոր է, որ լինի այսօրվա Սահմանադրության բարեփոխված տարբերակը:


«Ես չեմ ասում, որ այն արդեն կա, ես ասում եմ` հնարավոր է»,- շեշտեց Հովհաննես Սահակյանը:


Նա հավելեց, որ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել այն հայեցակարգին, որն այսօր կա, և որի հիման վրա պետք է ներկայացվի բուն Սահմանադրության նախագիծը:


«Բայց մենք գիտենք, որ քաղաքական ուժերի հետ լայն կոնսոլիդացիա ապահովելու համար պետք է հաշվի առնենք նաև մյուս քաղաքական ուժերի կարծիքը: Եվ դրա համար էլ ասում եմ` չենք բացառում, ինչպես քաղաքականության մեջ չեն բացառում այս կամ այն ելքը»,- ասաց Հովհաննես Սահակյանը:


Պատգամավորի խոսքով` սահմանադրության բարեփոխումները իշխանությունների համար օրախնդիր կամ հարց լուծելու գործողություն չեն, այլ անհրաժեշտ են, որպեսզի հետագայում կարողանան ապահովել երկրի առաջընթացն ու համակարգային փոփոխությունները, դրա համար էլ հարկավոր է բոլոր քաղաքական ուժերի աջակցությունը: